Հռչակագիր

 

«Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» հասարակական կազմակերպություն

ՀՌՉԱԿԱԳԻՐ

Գաղափարական հենքի ու այն սպասարկող փիլիսոփայական-հայեցակարգային մոտեցումների մասին

Լուսամուտ քաղաքակրթություն

Հայ իրականության մեջ մշտապես առկա հիմնախնդիրներից մեկը՝ սեփական եսը աշխարհի դասավորություններում տեղավորելը, հայտնի բովանդակություն կրող անվանումներից կամ քաղաքակրթություններից կառչելով չէ, որ պետք է լուծվի, այլ խորքային ու համապարփակ գնահատականների և գոյաբանական ու հայեցակարգային մոտեցումների մշակման ճանապարհով։

Ո՞վ ենք մենք, ո՞րն է մեր տեղն աշխարհում, մենք արևելյա՞ն, թե՞ արևմտյան ժողովուրդ ենք, ո՞րն է դոմինանտը մեր մշակույթի մեջ և ո՞ւր պետք է շարժվենք։

Մեր պատասխանը այս հարցերին չափվում է մի փոքր այլ կերպ՝ այն է քաղաքակրթության լուսամուտի տիրույթում։ Ասել է թե Հայաստանը իր մշակութային կոդով, պատմությամբ և ապագայի տեսլականով ո՛չ արևելք է, ո՛չ արևմուտք և ո՛չ էլ որևէ մեկ այլ բևեռի մաս, Հայաստանը դուրս է բոլոր բևեռներից և հանդիսանում է այդ բևեռների միջև լուսամուտ։ Լուսամուտ, որը կրում է իր վրա բոլորի ազդեցությունը, սակայն բոլորը չէ։ Որ ունի ինչպես իրենը, այնպես էլ սինթեզված արտաքինը։ Որի անցյալը, ներկան ու ապագան նման չեն մյուսներին։ Լուսամուտ, որ Թոյնբիական քաղաքակրթական ալիքների կատարյալ հաղորդիչ է և դրանց՝ նախկինում լինելության կենդանի արձան։ Լուսամուտ, որ շատ ավելի հին է, քան ներկայիս բոլոր բևեռները, և որ մշտապես եղել է անցյալի բևեռների միջև հաղորդակցման, լարման ու փոխանակման խաչմերուկ։

Ապրելով ու արարելով հենց լուսամուտում՝ մենք մշտապես դժվարացել ենք ու դժվարանալու ենք պատասխանել ով ենք մենք հարցին, պատճառն այն է, որ մենք միաժամանակ թե՛ արևելքից ենք, թե՛ արևմուտքից և ոչ մեկն ենք, ոչ մյուսը։ Սա իր հերթին բերում է մեկ այլ ֆենոմենի՝ մենք-ի, այսինքն՝ հայության մեջ մտնողների, հայ իրականության մարդկության շրջանակի մեջ ներգրավվածների սանդղակը իր մեջ կարող է կրել մեկից ավելի քաղաքակրթության ներկայացուցիչների։

Արդյունքում հայկական մշակույթը կարելի է բնորոշել որպես երկկենցաղ, այն ապրում և զարգանում է հավասարաչափ ակտիվությամբ թե՛ արևմտյան իրականությունում և թե՛ արևելյանում։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում ու ներկայում էլ, սոցիալական տարբեր խմբերում եղել են ու կան տարբեր շեշտադրություններ ու տարբեր գերադասություններ, սակայն բոլոր դեպքերում այդ մշակույթը շարունակում է լինել հայկական։

Սակայն միայն հզոր պետականության պարագայում է, որ լուսամուտ քաղաքակրթությունը ունակ է ստեղծել իր իրականությունը՝ դուրս արևելյանից ու արևմտյանից։

Հայաստանակենտրոնություն

Հայաստանակենտրոնության գաղափարի հիմնական առանցքը Հայաստանի Հանրապետության՝ որպես բացարձակ արժեքի ընդունումը ու պահպանումն է, որին և ուղղված են ԵՎՀԿ գործունեությունն ու ջանքերը։ Հիմք ընդունելով հանրային շահի կազմակերպումը և խթանումը որպես նպատակ, հարկ ենք համարում շեշտել, որ չի կարող լինել հանրային-քաղաքացիական շահ/դաշտ՝ առանց պետության առկայության։

Հայաստանակենտրոնության գաղափարը ենթադրում է պետականակերտություն՝ հզոր և բարեկեցիկ պետության կառուցում ու պետական շահերի շարունակական պաշտպանություն։ Այս ամենը ունի առաջնակարգ նշանակություն մի քանի պատճառներով՝

  1. Միայն հզոր պետականության պայմաններում է հնարավոր հայկական լուսամուտի իրականությունը։

  2. Միայն պետականն է կարելի համարել քաղաքական կատեգորիա, քաղաքական հարցերի լուծման իրական դերակատար և պատմական չափորոշիչ:

  3. Միայն պետությունն է ունակ ապահովելու մեր ազգային անվտանգությունը, շահերի պաշտպանությունը, ֆիզիկական գոյությունը և հանրային բարեկեցությունը:

  4. Ազատ ու անկախ պետությունն է ազատական հասարակության ստեղծման նախապայմանը:

Միաժամանակ, մենք քաջ գիտակցում ենք, որ կլինեն իրավիճակներ, երբ ակտիվ քաղաքացիների, կազմակերպված հանրային շահի պահանջը կարող է և որոշ դեպքերում պետք է հակասության մեջ լինի իշխանության որդեգրած պետական քաղաքականության և դրա հայտարարած ուղղության ու առաջնահերթությունների հետ: Սակայն, մեզ համար հասարակական և պետական շահը չեն կարող հակադրվել, և այս պարագայում մեր աջակցությունը կստանա այն կողմը, որը կսպասարկի իրական պետական շահը։

Ազատականություն, ազատական հասարակության կառուցում և մենք՝ որպես լուսավորականության կրողներ

Մենք անկախության սերնդի առաջին ներկայացուցիչներն ենք: Ծնված լինելով արդեն ազատ և անկախ պետությունում՝ մեզ օտար է անազատության կամ սահմանափակ ազատության ցանկացած դրսևորում: Արդ՝ մեր լինելության և գործունեության մեկնակետը բացառապես ազատական գաղափարներն են՝ մարդու և քաղաքացու բնական իրավունքները, որոնք և առողջ բանականության կարգադրագրերն են՝ ազատ միտք, ազատ խոսք և ազատ գործ:

Մեր ընկալած ազատականությունը պոլիֆոնիկ է. այն ընդգրկում է և՛ լուսավորականության ներկայացուցիչների առաջ բերած գաղափարները, դրույթները, և՛ ազատականության ու ազատության մասին մեր պատկերացումները:

Ազատականությունն իր դրույթներով՝ ազատություն, հավասարություն, ժողովրդավարություն, հանդուրժողականություն, ազատ խոսքի, մտքի, խղճի, համոզմունքների, սեփականության, ընտրության իրավունք և այլն, մենք ընկալում ենք ոչ իբրև սոսկ գաղափարներ, այլ՝ կենսակերպ: Սրանք ոչ թե իդեալական ստատիկ արժեքներ են, որոնց երաշխիքը սոսկ գաղափարներին հարելն է, այլ՝ շարունակական գործընթաց, որի երաշխիքը գործնական մեխանիզմի առկայությունն է: Նման մեխանիզմի գործարկումը հնարավոր է միայն ժողովրդավարական և իրավական պետությունում, որտեղ բարձրագույն արժեքը քաղաքացին է՝ իր ազատությունների և պարտականությունների հստակ գիտակցմամբ: Ժողովրդավարությունը իր հերթին մենք ընկալում ենք որպես հասարակական ինքնագործունեության ձև, որը ենթադրում է ազատ քաղաքացիների ակտիվ մասնակցություն: Ընդ որում, երբ ասում ենք ազատ, նկատի ունենք առաջին հերթին պատասխանատու քաղաքացիների:

Հաճախ է խոսվում Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևի և բովանդակության մասին, դրան տրվում են տարբեր բնորոշումներ՝ լուսանցքային, անցումային փուլում գտնվող, կայացող: Այո՛, մենք անցումային փուլում գտնվող հասարակություն ենք, քանի որ անցումը ավանդական, ինքնիշխանական (ավտորիտար) հասարակարգից դեպի քաղաքացիական և ազատական հասարակարգ, դեռևս չի ավարտվել, այն ընթացիկ է: Հայ հասարակությունը նախ և առաջ խնդիր ունի ազատական գաղափարները մեկնելու, ճիշտ գնահատելու, և ապա իրացնելու ազատական հասարակության կառուցումը:

Հասարակությունների կայացումն ընթանում է ժամանակային երեք չափույթներում՝ անցյալ, ներկա, ապագա: Այն հասարակությունները, որոնք ուղղորդված են դեպի անցյալ, դատապարտված են չգոյության, այն հասարակությունները, որոնք ապրում են, միտված են դեպի ներկա, դատապարտված են լճացման, և միայն այն հասարակություններն են ունակ զարգանալու, որոնք միտված են դեպի ապագա:

Ավանդական հանրություններին բնորոշ է դոգմատիզմն ու կարծրատիպային մտածողությունը, հետևաբար այստեղ չկան տեսական մակարդակում խնդիրները քննելու և լուծելու միտումներ, ընդհակառակը, այստեղ խնդիրները թաքցվում կամ օտարվում են: Ի հայտ են գալիս «-մետ, -ֆոբ, -ֆիլ›› երևույթներ, երբ սեփական խնդիրները լուծելու անկարողությունը կամ լուծելու հնարավորությունը դրվում կամ բարդվում են տարբեր պետությունների, ժողովուրդների, կազմակերպությունների վրա: Ի տարբերություն ավանդական հանրության, որն ուղղորդված է դեպի անցյալ, և որի կենսագործունեությունը պայմանավորված է միայն ներկայով, քաղաքացիական և ազատական հասարակությունը, կենսագործելով ներկայում, մշտապես միտված է դեպի ապագա, քանի որ կա հստակ գիտակցում, որ ապագայի մոդելավորումը, ծրագրավորումը և ուրվագծումն արտակարգ կարևոր են, և ապագայի վրա հնարավոր է ազդել միայն մտածելով, խոսելով և գործելով, և որ գիտելիքն է խնդիրներ լուծելու առաջնային միջոցը:

Որպես լուսավորական գաղափարների կրողներ, մենք առաքելություն ունենք Հայաստանում ձևավորել այնպիսի երիտասարդ քաղաքացիներ, ովքեր ազատամիտ են, նախանձախնդիր, խիզախ իրենց հարցադրումներում և խորապես ծանոթ ազատական գաղափարներին, ովքեր պատրաստ են ընդունել իրենց հասցեագրված մարտահրավերները և մշակել ու իրագործել դրանց պատասխանները: Ինչո՞ւ հենց երիտասարդները, որովհետև բոլոր ժամանակներում և բոլոր հասարակություններում, երիտասարդությունն է այն ուժը, որ ազդում է հասարակական կենսառիթմի վրա և բերում փոփոխություններ: Հասարակությունը (անկախ տարիքային խմբից) միշտ կարող է մշակել սեփական այլընտրանքները և դա կարող է անել միայն մասնակցության միջոցով, քանի որ մասնակցելով՝ մարդը դառնում է սոցիալապես և քաղաքականապես ավելի ակտիվ: Մասնակցության շնորհիվ մարդը դառնում է տերը իր իրավունքների և ազատությունների:

Մասնակցությունը և հասարակական գործունեությունը ընկալելով որպես ազատական հասարակության կայացման կարևոր բաղադրիչ, մեր գործունեությունը միտված է փոխելու հանրային գիտակցությունը և ամենակարևորը, նպաստել սեփական այլընտրանքների գեներացման մշակույթի ձևավորմանը:

Անցումային հասարակությունը և ԵՎՀԿ դերը դրանում

Հայաստանի անցումային հասարակության էությունը ինքնիշխանական համակարգ ունեցող ավանդական հանրության փոխակերպումն է ազատական և ժամանակակից հասարակության։ Դա ազատական հասարակության շինարարության գործընթացն է։

Լինելով անցումային հասարակության ներկայացուցիչներ և ելակետում ունենալով ազատամետ, պետականակերտ ու հայաստանակենտրոն գաղափարներ և այն գիտակցումը, որ մեր խնդիրների լուծողները բացառապես մենք ենք՝ մեր գաղափարներով և գործունեությամբ, մեր դերը որպես հասարակական կազմակերպություն կարելի է հակիրճ նկարագրել հետևյալ առանցքային կետերով․

  1. Անընդհատ չափել անցման այս կամ այն փուլի զարկերակը՝ բացառելով լճացումը, ապա և նպաստել ազատական հասարակության կայացմանը:

  2. Ցայսօր ՀՀ քաղաքացիների որոշ մասի ինքնաճանաչողությունը բխում է ավանդական գաղափարներից: Պատմությունից և արդի գործընթացներից դուրս չմնալու և զարգանալու համար պետք է կարողանանք փոխարինել ավանդական հանրությունը արդի ազատական հասարակությամբ, իսկ դա հնարավոր է միայն մեզ կաղապարվածության մեջ գցած սահմանափակումներից ձերբազատվելու պարագայում:

  3. Անցման փուլում թերևս միշտ կա սպառնալիք հետընթացի, երբ գործող իշխանությունը կամ հասարակությունը չեն հարում ազատական գաղափարների։ Այդ պարագայում, ԵՎՀԿ գործառույթը պետք է լինի նաև տեղ հասցնել այն գաղափարները և այն իդեալները, որի կրողն ինքն է։ Եվ հասցնել թե՛ իշխանությանն ու թե՛ հասարակության լայն շերտերին՝ թիրախում ունենալով ինտելեկտուալ խավը։

  4. Հարգելով ավանդականը և չբացառելով դրա ազդեցությունը հասարակական հարաբերությունների վրա՝ մեր խնդիրն է կասկածի տակ դնել այն և հասարակությունը դարձնել մեր գաղափարակիցը՝ կիսվելով դեպի ապագան միտված մոտեցումներով, որոնք են՝ ազատականություն, պետականակերտություն և հայաստանակենտրոնություն:

  5. Առնվազն հասարակության անցումային փուլում, ԵՎՀԿ առաքելությունը պետք է լինի նաև փոխակերպվող հասարակության ֆոնի վրա նույնքան փոփոխվող ու զարգացող հասարակական միավոր լինելը՝ հավատարիմ մնալով ելակետային գաղափարներին։

Ամփոփելով պետականաշինության և հասարակաշինության ընթացիկ գործընթացներին մասնակից լինելը՝ դրանց ներգրավվելը յուրաքանչյուրի ընտրությունն է: Մենք մեր ընտրությունը կայացրել ենք. դա ակտիվ մասնակցությունն է, մեր ներկայի ու ապագայի նորոգումն ու կառուցումը, որը իրականացնում ենք մտածելով, խոսելով և գործելով:

Մեր լուսավորության և ազատականության կարգախոսը հնչում է կանտյան կարգախոսի նմանությամբ՝ Sapere aude!՝ Համարձակվի՛ր մտածել: Խիզախի՛ր մտածել և իրացնել միտքդ:


Հեղինակներ՝

Արեգ Քոչինյան

Աննա Խաչյան

Գոռ Մադոյան

Արմինե Մուրադյան

Դավիթ Պետրոսյան


Ընդունված՝ Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն հասարակական կազմակերպության Համագումարի կողմից, 03.09.2017թ.: