Վերլուծաբանների դպրոց

Վերլուծական հմտությունների զարգացման դպրոց – առաջին հոսք

Օգոստոսի 22-28-ն անցկացվեց «Վերլուծական հմտությունների զարգացման դպրոց» ծրագիրը, որը ԵՎՀԿ-ն իրականացրեց Global UGRAD-ի շրջանավարտների հետ համատեղ:

Դպրոց ստեղծելու գաղափարին «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն»-ի անդամները հանգել էին դեռևս հասարակական կազմակերպություն հիմնելու օրերին, քանի որ այն բխում է կազմակերպության գլխավոր նպատակներից մեկից, այն է՝ երիտասարդության շրջանում ոչ ֆորմալ կրթության ճանապարհով վերլուծական և գիտական աշխատանքներ գրելու ունակությունների զարգացումը: Հիրավի, դպրոցը այդ նպատակի իրականացման լավագույն ճանապարհն էր: Վերլուծաբանների դպրոցն իր տեսակով առաջինն էր Հայաստանում: Հանրապետությունում կան տարբեր մասնագիտական դպրոցներ, սակայն հենց վերլուծական միտքը (կարողությունները) զարգացնող դպրոց երբևիցե չի եղել: Չի եղել այնպիսի մի դպրոց, որը կփորձեր զարգացնել երիտասարդների քննադատական և վերլուծական մտածողությունը՝ անկախ նրանց մասնագիտացումից:

Դասախոսությունների, ինտերակտիվ քննարկումների, մոդելների արդյունքում ամառային դպրոցի մասնակիցներն ունեցան հնարավորություն ծանոթանալու վերլուծական աշխատանքի սկզբունքներին, սովորեցին գրագետ օգտվել էլեկտրոնային ռեսուրսներից և նոր կապեր հաստատեցին ոլորտի մասնագետների հետ: Ծրագրի արդյունքում մասնակիցներին ընձեռվեց բացառիկ հնարավորություն՝ հրապարակելու իրենց վերլուծություն ԵՎՀԿ կայքէջում:

Օգոստոսի 22-ին տեղի ունեցավ դպրոցի բացման արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՎՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը: Մասնակիցների հետ ծանոթանալու և ավելի ջերմ մթնոլորտ ստեղծելու նպատակով կազմակերպվեցին բազմաբնույթ խաղեր, և օրն ավարտվեց դասախոսությամբ՝ տարբեր տիպի վերլուծությունների ձևի և բովանդակության ներկայացմամբ: Դպրոցում դասավանդում էին ինչպես ԵՎՀԿ անդամներ Արեգ Քոչինյանը, Աննա Խաչյանը, Արմինե Մուրադյանը, Դավիթ Պետրոսյանը, այնպես էլ իրենց ոլորտներում հայտնի մասնագետներ, մասնավորապես՝ Սամվել Մարտիրոսյանը դասախոսում էր «ՏՏ անվտանգություն» թեմայով, Գայանե Մկրտչյանը՝ «Վերլուծություն և լրագրություն», Լիլիթ Մինասյանը՝ «Գիտական հոդված պատրաստելու տեխնիկական բաղադրիչները», Ստյոպա Սաֆարյանը՝ «ՀՀ ներքին իրավիճակի վերլուծություն»: Ինչպես նաև Էդգար Էլբակյանը ներկայացրեց Ապրիլյան պատերազմի և հետագա զարգացումների համաշարում ԼՂ հիմնախնդիրը, և դրա օրինակով՝ մեծ թեմաների վերլուծության կիրառական գործիքակազմը: Դպրոցի վերջին օրը տեղի ունեցավ փակման արարողությունը, որի ընթացքում մասնակիցներին տրվեցին հավաստագրեր և շնորհվեցին մրցանակներ: Իսկ օրվա վերջում բոլորին սպասվում էր համատեղ ընթրիք-երեկույթ: Փակման արարողության ժամանակ մասնակիցները հնչեցրին բազում շնորհակալական խոսքեր, նրանցից շատերը կազմակերպությանն անդամակցելու ցանկություն հայտնեցին:

Այն հարցին, թե ի՞նչը ամենից շատ տպավորեց իրենց, մասնակիցներ Լուսինե Հովհաննիսյանը և Տաթևիկ Գևորգյանը նշում էին ԵՎՀԿ անդամների նվիրվածությունն ու պատասխանատվությունն իրենց աշխատանքին, ինչպես նաև անձնակազմի բարեհամբույր վերաբերմունքը իրենց նկատմամբ և այն ջերմ մթնոլորտը, որը նրանք կարողացան ստեղծել:

Ինչ վերաբերում է կազմակերպության այս նախաձեռնությունից ունեցած սպասելիքներին, ապա դրանք ամբողջությամբ արդարացան: Նախ՝ քսան տեղի համար դիմել էին հարյուրից ավելի դիմորդ, երկրորդ՝ ստեղծվել էր այնպիսի մթնոլորտ, որտեղ երիտասարդները ընկերացան և շատ անմիջական միջավայր ստեղծվեց՝ չնայած այն հանգամանքին, որ մասնակցում էին տարբեր մասնագիտությունների տեր անձինք՝ քաղաքագետներ, միջազգայնագետներ, տնտեսագետներ, լեզվաբաններ: Եվ երրորդ՝ դպրոցում դասավանդում էին մասնագետներ, ովքեր իրենց գործում առաջատար և բարձրակարգ գիտելիքների կրող են և կարողացան հնարավորինս օգտակար լինել երիտասարդներին:

Հավելենք, որ Դպրոցը մասնակիցների համար անցկացվում էր անվճար հիմունքներով, ինչպես նաև փոխհատուցվում էին մարզաբնակ երիտասարդների ճանապարհածախսերը։

Սա մեր առաջին դպրոցն էր, բայց բնավ ոչ վերջինը…

21
24
23
19
20
22
18
17
16
14
13
12
11
10
7
8
4
5
6
9
3
1
2