Ստեղծագործականությունը մարդկային էության մի մասն է կազմում:  Ըստ որոշ հեղինակների՝ ստեղծագործելու համար պատճառներ հարկավոր չեն, և եթե նույնիսկ պատճառներ կան, ապա դրանք կարևոր չեն։ Եթե ենթադրենք, որ ստեղծագործելը ինքնանպատակ չէ, ապա ինչու՞ է մարդ ստեղծագործում. ի՞նչն է ստիպում նկարչին վերցնել վրձինն ու նկարել, պոետին՝ բանաստեղծություններ գրել… Իհարկե, կարող է հնչել պատասխան, որ մարդը չստեղծագործել ուղղակի չի կարող, որ դա հաճույք է պատճառում։ Իսկ ո՞րն է այն խթանող ուժը, ստեղծագործելու դրդող մղումը, որ գուցե, հաճելի է դարձնում այդ պրոցեսը։ Պատասխանը կարող է լինել երկու մակարդակներում՝ անհատական և համընդհանուր կամ հասարակական։ Անհատական մակարդակում անձը ստեղծագործելու միջոցով ձգտում է ինքնաարտահայտվել, իր խոսքը լսելի դարձնել, արտահայտել, դուրս թողնել իր հույզերն ու ապրումները կամ ազատվել դրանցից, ինքն իրեն ու շրջապատող աշխարհը ճանաչել, վերլուծել ու հասկանալ, բարձրաձայնել այն խնդիրների մասին, որ իրեն անհանգստացնում են կամ մոտ են իրեն, նույնիսկ մոռանալ իր անձը՝ շփվելով ավելի բարձր արժեքների հետ, հաղորդակցվել գեղագիտականի հետ, ինչպես նաև ուսումնասիրել հնարավորի ու անհնարի սահմանները։ Իսկ հասարակական տեսանկյունից ստեղծագործելու միջոցով անհատը ձգտում է փոխել ինչ-որ երևույթներ, իր համար դրական ընկալվող որոշակի փոփոխություն բերել այն հասարակության ու միջավայրի մեջ, որում ապրում է, առաջ մղել ու զարգացնել այն ոլորտը, որում ստեղծագործում է։

Նախքան համընդհանուր շահի համար ստեղծագործելը, արվեստագետը ստեղծագործում է իր սեփական «ազատագրության» համար։ Առանց վերջինիս, արվեստագետը, և կարելի է ասել, առհասարակ, մարդը, չի կարող ամբողջովին հրաժարվել եսակենտրոնությունից և ստեղծագործել հանուն գաղափարների, մարդկության կամ արվեստի զարգացման։ Նախքան դա, մարդը գտնվում է ինքնության  փնտրտուքների մեջ: Սա, սակայն, չի նշանակում, որ  ինքնության փնտրտուքների ճանապարհին արված աշխատանքները հանրօգուտ նշանակություն կամ ազդեցություն չեն կարող ունենալ։

Ինքնության հետ կապված գրականության մեջ կա երկու տեսակետ. առաջինի համաձայն ինքնությունը ստատիկ մի երևույթ է, որ մեզ տրված է, և մենք այն փոխել չենք կարող (օրինակ՝ ինքնության այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են սեռը, ազգությունը, կրոնը և այլն)։ Երկրորդի համաձայն մենք կառուցում, կերտում, փոփոխում կամ ընտրում ենք մեր ինքնությունը։ Այս վերլուծությունը պնդում է, որ ինքնությունը կարելի է կերտել։ Սա, այնունամենայնիվ, չի նշանակում, որ ինքնությունը կերտելուց կամ ընտրելուց հետո դառնում է ամբողջովին ստատիկ մի երևույթ։ Հակառակը՝ այն ձեռք բերելով որոշակի ստատիկություն, մնում է փոփոխելի ու ճկուն։

Այս փոփոխելի ստատիկությունը կարող ենք կոչել «ազատագրում» (ինչպես կանվանեին մոդեռնիստները), հասունություն կամ ինքնաիրացում (ինչպես կանվանեին հոգեբանները), սուբյեկտի կամ անհատի ծնունդ (ինչպես կանվաներ Կանտը)[i] և այլն։ «Ազատագրումն» իրենից ներկայացնում է սեփական բանականության օգտագործմամբ գաղափարների քննում ու ընտրության կատարում։ Նախքան ազատագրվելը կամ «անչափահասության» վիճակից դուրս գալը, արվեստագետը և, առհասարակ, մարդն անցնում է որոշակի փուլերի միջով։

Հոգեբան Մասլուն մշակել է կարիքների հիերարխիկ բուրգ, որի միջով էլ անցնում է մարդը ինքնաիրացման հասնելու համար։ Այդ փուլերը այս վերլուծության շրջանակներում մենք կանվանենք ինքնության փնտրտուքներ, չնայած որ հեղինակն ինքն այդպես չի կոչել։ Ըստ Մասլուի՝ նախքան այդ կարիքները բավարարելը ինքնաիրացում հնարավոր չէ։

Ըստ նշված կարիքների հիերարխայի՝ ինքնաիրացումը բարձրագույն նպատակն է, որը հնարավոր է, եթե բուրգի բոլոր կարիքները համապատասխանաբար բավարարվում են։ Սակայն սա վիճելի է։ Օրինակ՝ ըստ բուրգի՝ ստեղծագործականություն հնարավոր է, եթե բավարարվել են մնացած բոլոր պահանջները։ Սակայն ստորև բերվող օրինակները ցույց կտան, որ բուրգի կարիքները կարող են տեղերով փոփոխվել՝ ըստ առաջնայնության։

Դիտարկենք մի քանի հայտնի նկարիչների ստեղծագործական ճանապարհը, որպեսզի հասկանանք, թե ինչ ուղիներով են անցել նրանք։ Օրինակ՝ Պաբլո Պիկասոն,  նախքան ստեղծագործական հասունության հասնելը, անցել է մի քանի փուլերով։ Հայտնի է նրա ստեղծագործության երկնագույն, վարդագույն, աֆրիկյան ազդեցության, կուբիստական, կլասիցիստական ու սյուրռեալիզմի շրջանները։ Այս փոփոխությունները տեղի են ունեցել ոչ միայն հեղինակի աշխատանքների ոճական առանձնահատկությունների, այլ նաև անձի ու սեփական պատկերացումների հետ։ Պատահական չէ, որ նա իր գործունեությունը սկսել է երկնագույն շրջանով՝ իր աշխատանքներին հաղորդելով մռայլ, իսկ երբեմն՝ ողբերգական տրամադրություններ, քանի որ սկզբնական փուլում նա դեռևս լուծում էր ամենահիմնային կարիքների խնդիրը, որոնց չբավարարվելու դեպքում մարդը խորը հիասթափությունների  մեջ է գտնվում։ Իսկ հետո առաջ են եկել ավելի լավատեսական աշխատանքներով փուլեր։ Բավական է համեմատել Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի ու այլոց վաղ և հասուն շրջանի աշխատանքները, և պարզ կդառնա, որ դրանք բոլորովին տարբեր են։ Վաղ շրջանի գործերը անվստահ են, դեռևս ոչ այնքան հեղինակներին բնորոշ առանձնահատկություններով, որոշակի չափով ազդված այս կամ այն հեղինակից։ Դա կապված է ոչ միայն հեղինակի վարպետության պակասի, այլ նաև ինքն իրեն չվստահելու, իր հնարավորությունները չգիտակցելու հետ։ Իսկ հասուն շրջանի գործերում հեղինակները մշակել են իրենց հատուկ գծերը։ Այնուամենայնիվ, այս վերլուծությունն ամենևին չի պնդում, որ արվեստագետների սկզբնական շրջանի աշխատանքները կարևոր, նշանակալից կամ ինքնատիպ չեն ու արժեք չեն ներկայացնում։ Սա միայն վկայում է, որ քանի դեռ հիմնային կարիքները բավարարված չեն, մնացած խնդիրները չեն լուծվում։

Առանձնացնենք մի քանի թեմաներ, որոնց վերաբերյալ շատ են ստեղծագործում արվեստագետները։ Դրանց դիտարկումը թույլ կտա տեսնել կապը նշված կարիքների ու ստեղծագործական գործունեության միջև։

Վախեր
Վախերը շատ արվեստագետների համար կենտրոնական թեմաներից են, որոնք վկայում են որոշ կարիքների չբավարարված լինելու մասին։ Վախերը անվտանգության ու ապահովության հակառակ երեսն են։ Օրինակ՝ Լևոն Թութունջյանի հայտնի դիմակները ներկայացնում են նրա մղձավանջներն ու երազները, որոնք վերջինս փորձում էր հաղթահարել: Արշիլ Գորկու աբստրակտ էքսպրեսիոնիստական աշխատանքները ներկայացնում են իր խնդիրները՝ կապված մանկության աղետալի հիշողությունների ու իր կյանքի ողբերգականության հետ։ Գայանե Խաչատրյանը իր երազները դարձնում էր պատրանքային, որով դրանց այլ տեսք էր հաղորդում։ Այս բոլորը կապված են անապահովության և անվտանգության բացակայության զգացողության հետ, որ կա՛մ հաղթահարվել են ստեղծագործության միջոցով, կա՛մ՝ ոչ։
Պատահական չէ, որ պատերազմների տարիներին ստեղծված աշխատանքները հիմնականում վերաբերում են առաջին երկու կարիքներին՝ ֆիզիկական և անվտանգության պահանջմունքներին։ Դրա համար այդ ժամանակներում արված աշխատանքները մռայլ են ու դեպրեսիվ, օրինակ՝ էքսպրեսիոնիզմը՝ ի պատասխան համաշխարհային պատերազմի, միզերաբիլիտիզմի որոշ աշխատանքները՝ ի պատասխան ցեղասպանությունների։ Պատերազմների, ցեղասպանությունների ժամանակ, աղքատության պայմաններում, երբ մարդիկ զրկված են առաջին անհրաժեշտության պարագաներից (սնունդ, կացարան և այլն) ու ապահովության և անվտանգության զգացողությունից, (աշխատանքի, ռեսուրսների բացակայություն) այլ կարիքների մասին խոսելը նույնիսկ ավելորդ է։
Սակայն շատ արվեստագետներ, փորձելով հաղթահարել իրենց այս վախերը և կարիքները, ձեռք են բերել վարպետություն ու զարգացրել ստեղծագործականություն, որը, սակայն, ավելի շատ միտված է անձնական «ազատագրությանը», քան գեղագիտական արժեքների հետ հաղորդակցմանը, կամ էլ, գեղագիտականի հետ հաղորդակցվելով, մեղմացրել են այդ խնդիրների ազդեցությունը։ Այդ է պատճառը, որ որոշ արվեստագետներ, այդպես էլ չհաղթահարելով իրենց խնդիրները, ինքնասպան են եղել՝ չնայած իրենց թողած ահռելի ստեղծագործական ժառանգությանը (օրինակ Արշիլ Գորկի, Վան Գոգ): Սա վկայում է  այն մասին, որ պարտադիր չէ բոլոր կարիքների բավարարված լինելը, որպեսզի տեղի ունենա ինքնաիրացում։ Սակայն, եթե ինքնաիրացումը դիտարկում ենք մարդու հավաքական երջանկության, ստեղծագործականության և մի շարք այլ պայմանների առկայությամբ, ապա դա հնարավոր չէ։

Սեր, պատկանելություն

Մյուս կարիքը սերն ու պատկանելությունն է որևէ խմբավորման. դա կարող է լինել ընտանիք, համայնք, հայրենիք և այլն։ Հաճախ շոշափվող թեմաներից է նաև մենակությունը և հասարակության ատոմիզացիան։ Վերջինս հասարակության առանձին անդամների ատոմիզացիումն է, առանձին ատոմների վերածումը առանց կապերի։ Թե՛ մենակությունը, թե՛ պատկանելությունը միևնույն խնդրի երկու կողմերն են ու ցույց են տալիս տվյալ կարիքի անհրաժեշտությունը․մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական կերպով։ Ստեղծագործելով այս թեմայի շուրջ. արվեստագետը առօրյա կյանքում դրանք լուծելու փոխարեն հաճախ փորձում է խնդիրները լուծել մտքերի ու հույզերի մակարդակում։

Հարգանք, ինքնահարգանք, հեղինակի ծնունդ
Համապատասխանաբար հաջորդ կարիքը հարգանքն ու ձեռքբերումներն են, որոնք ծագում են ավելի հիմնային խնդիրների լուծված լինելու դեպքում։

Հեղինակը ծնվում է այն ժամանակ, երբ այն հեղինակը, որ հետաքրքված է իր սեփական խնդիրների լուծումով, մեռնում է. այսպես՝ հեղինակը ծնվում է հեղինակի մահվամբ։ Իր ժամանակի ու անձնականի սահմանափակումներով հեղինակը մեռնում է և փոխարենը ծնվում է իրական հեղինակը։ Այդ կերպ, ինչպես կասեր Ռոլան Բարտը, հեղինակն ապասրբացվում է։ Այս նոր հեղինակն ուսումնասիրում է իրականությունն առանց իր կյանքի ողբերգականության բաղադրիչի՝ որպես դիտորդ։

Պատահակա՞ն է արդյոք, որ Դանթեն իր «Աստվածային կատակերգության» մեջ նախքան դրախտը նկարագրել է դժոխքն ու քավարանը։ Ըստ Կտակարանի՝ մինչև դրախտին հասնելը պետք է անցնել դժոխքի միջով, ծանոթանալ մեղքերին, հետո անցնել ապաշխարհության ուղիով ու այդ ամենը հաջողությամբ պսակելու դեպքում հնարավոր է հայտնվել դրախտում: Նմանատիպ ուղին անցնող մարդը, մասնավորապես ապաշխարհության միջով անցնող մեկը, չի կարող դիտորդի դիրքով ուսումնասիրել իրերի եղելությունը։ Ուստի ստեղծագործական պրոցեսն ինքը արարչագործական է, որով կերտվում է անձի ինքնությունը։ Ստեղծագործական պրոցեսը «ազատագրման» մի յուրօրինակ ձև է, որը հաճախ տեղի է ունենում դժվարությունների, «դժոխքի», «ստեղծագործական տառապանքի»  միջով անցնելով։ Իսկ ո՞վ է արվեստագետը[ii], եթե ոչ ամենահետաքրքրասերն ու ըմբոստը հասարակության մեջ, ում հետաքրքիր է կյանքի, իր սեփական եսի ու հասարակության թե՛ լավ, թե՛ մութ կողմերը, ով պատրաստ է հանուն հետաքրքրասիրության տառապել՝ իր մտքերով, հույզերով, փորձով ու ստեղծածով կիսվելու համար։
Եթե պատկերացնենք, որ, վերջիվերջո, մարդկային գործունեության հիմնական պատճառն ու բարձրագույն նպատակը երջանկությունն է, իսկ ստեղծագործելը՝ (ցանկացած տեսակի՝ սկսած շինարարությունից, ավարտած արվեստի գործ ստեղծելով) երջանկության հասնելու ճանապարհ, ապա ինքնաիրացում հնարավոր է, եթե համապատասխանաբար բոլոր կարիքները բավարարվել են, ինչը հնարավոր է դարձնում նաև երջանկությունը։ Ինքնաիրացումն իրենից ներկայացնում է նաև գործունեություն՝ ի նպաստ հասարակության ու անանձնական շահերի և ավելի բարձր արժեքների։


  1. Ռոլան Բարտ, Հեղինակի Մահը, http://granish.org/roland-barthes-the-death-of-the-author/:
  2. Abraham Maslow “Hierarchy of needs”.


[i] Սույն վերլուծության մեջ այս տերմինները նույնացված են:

[ii] Արվեստագետ՝ լայն իմաստով:


Հեղինակ՝ Մարինե Խաչատրյան © Բոլոր իրավունքները պաշտպանված են։


 

Մեկնաբանել

Մեկնաբանությունն այստեղ
Մուտքագրեք Ձեր անունը