Վերջին երկու տասնամյակներում աշխարհի տարբեր երկրների տնտեսագետների ուշադրությունը սևեռվել է ստվերային տնտեսություն երևույթի վրա: Ստվերային տնտեսությունն իր առանձնահատուկ դրսևորումն է գտնում հատկապես անցումային փուլում գտնվող երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Այդ իսկ պատճառով կարևորվում է այդ երևույթի պատճառների, դրան նպաստող տնտեսական և քաղաքական գործոնների բացահայտումը, ինչպես նաև ստվերային տնտեսության ծավալների գնահատումը և դրա կրճատման ուղղությամբ համապատասխան միջոցառումների ձեռնարկումը:
Ստվերային տնտեսությունը կարելի է սահմանել տնտեսության այն հատվածը, որտեղ ստեղծված եկամուտը չի հայտարարագրվում հարկային մարմիններում, ինչպես նաև չի արտացոլվում վիճակագրական սխալների հոդվածում: Ազգային հաշիվների տեսանկյունից ստվերային տնտեսությունը տնտեսության այն հատվածն է, որտեղ ստեղծված եկամուտը չի արտացոլվում պաշտոնական վիճակագրության մեջ: Ընդ որում, պետք է նշել, որ այս երկու սահմանումների մեջ ուղղակի կապ գոյություն չունի: Այսպես, օրինակ, տնտեսվարող սուբյեկտի ինչ-որ գործունեություն կարող է չհայտարարագրվել հարկային մարմիններում, սակայն հաշվարկվել ազգային հաշիվներում, եթե այդ հաշիվները չեն հիմնվում հարկային վիճակագրության վրա: Եվ հակառակը,  հնարավոր են դեպքեր, երբ ստեղծված եկամուտը հայտարարագրվի հարկային մարմիններում, բայց դուրս մնա ազգային հաշիվներից: Ստվերային տնտեսությունը կարելի է սահմանել նաև որպես տնտեսական անօրինական գործունեություն՝ ուղղված որևէ տնտեսվարող սուբյեկտի օգտին տնտեսական շահույթի ստացմանը՝ ի հաշիվ այլ անձանց, ընկերությունների կամ ի վնաս պետության:
Հայաստանում առկա են ստվերային գործունեության ինչպես խորհրդային ժամանակներից ժառանգված, այնպես էլ անցումային տնտեսություններին բնորոշ և 1990-ականներից լայն ծավալում ստացած տեսակները: Հայաստանի օրենսդրական և քաղաքական դաշտի անկայուն վիճակը, ընդհանուր սոցիալական անապահովվածության և անպատժելիության մթնոլորտը բարենպաստ պայմաններ են ստեղծել ստվերային տնտեսության ծավալների ընդարձակման համար: Մեր երկրում ստվերային տնտեսության առաջացմանը և ընդարձակմանը նպաստող գործոններն են.

  • եկամուտների ցածր մակարդակը և բնակչության կենսամակարդակի կտրուկ անկումը,
  • գործազրկության բարձր մակարդակը /2017թ. առաջին եռամսյակում 19 տոկոս/,
  • դրամը արտաքին աշխարհում ոչ-փոխարկելի լինելու հանգամանքը,
  • նոր հարկային համակարգը և չկարգավորված հարկային վերահսկումները,
  • սեփականաշնորհման գործընթացում տեղ գտած բազմաթիվ թերացումները,
  • բանկային համակարգի նկատմամբ առկա անվստահությունը,
  • օրենսդրական դաշտի անկատարությունը,
  • պետական կառավարման համակարգի անարդյունավետությունը

Ստվերային տնտեսության ուսումնասիրության ուղղակի մեթոդը ենթադրում է ստվերային տնտեսության ծավալների գնահատում՝ հիմնվելով անմիջապես ստվերային գործունեության մասնակիցներից ստացված տեղեկատվության վրա: Ստվերային տնտեսության ծավալների գնահատման միջազգային փորձը ցույց է տալիս, որ առավել հիմնավորված և ճշգրիտ արդյունքներ կարելի է ստանալ՝ օգտագործելով այսպեսկոչված անուղղակի մեթոդները, որոնք իրենց հաշվարկներում օգտագործում են մակրոտնտեսական ցուցանիշներ:
Այդ մեթոդներից է փողի առաջարկի գնահատման մեթոդը, որն առաջին անգամ օգտագործել է ամերիկացի տնտեսագետ Գուտմանը 1977 թվականին՝ հիմնվելով փողի առաջարկի ագրեգատների վրա: Այս մեթոդը ստվերային տնտեսության ծավալների գնահատման յուրահատուկ մի մոդել է: Համաձայն այս տեսության՝ ենթադրվում է, որ ստվերային գործունեությունն ազդում է տնտեսությունում կանխիկի ավելացման վրա: Ենթադրելով, որ ստվերային տնտեսությունում որպես վճարման միջոց օգտագործվում է բացառապես (կամ գրեթե բացառապես) կանխիկ փողը, ապա կարելի է ակնկալել, որ տնտեսության ստվերային հատվածի մեծացմանը զուգահեռ մեծանում է նաև կանխիկ դրամի նկատմամբ պահանջարկը: Այս ենթադրությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ ստվերային տնտեսության մասնակիցները, որպես կանոն, զբաղվում են անօրինական գործունեությամբ և /կամ/ չեն ցանկանում հայտարարագրել իրենց գործունեությունը՝ հետագայում հարկերը չվճարելու նպատակով: Այդ իսկ պատճառով նրանք որպես վճարման միջոց օգտագործում են բացառապես կանխիկ փողը, այլապես բանկային համակարգի միջոցով վճարում իրականացնելու դեպքում հնարավոր է ստվերային գործունեության բացահայտումն իր բոլոր հետևանքներով:
ՀՀ-ում ստվերային տնտեսության վրա հարկային համակարգի ազդեցության գնահատումը կատարվել է տեսական մոդելի ձևավորման միջոցով, որի հիմքում չզարգացած թակարդների ժամանակակից տեսությունն է (Modern theory of underdevelopment traps):
Ներկայացվող մոդելում տնտեսվարող սուբյեկտների տնտեսական որոշումները ազդում են նրանց քաղաքական դիրքորոշման վրա, այսինքն` հարկատուների հարկեր վճարելու կամ հարկերից խուսափելու ընտրությունը ազդում է բարեփոխումներին կողմ կամ դեմ լինելու ընտրության վրա: Եթե բավարար թվով տնտեսվարող սուբյեկտներ չպահանջեն բարեփոխումներ, ապա այդ բարեփոխումների իրականացման հավանականությունը կփոքրանա, որն իր հերթին կնվազեցնի մնացած տնտեսվարող սուբյեկտների հարկային պարտավորությունները կատարելու շարժառիթները և կազդի նրանց քաղաքական դիրքորոշման վրա: Հարկեր վճարող առանձին տնտեսվարող սուբյեկտի եկամուտը կարող է աճել հարկերը վճարող այլ տնտեսվարող սուբյեկտների քանակից կախված: Այսինքն՝ եթե հարկատուների գերակշիռ մասը վճարում է հարկերը, ապա ամեն մի հարկատուի ձեռնտու է կատարել իր հարկային պարտավորությունները, իսկ եթե մեծամասնությունը փորձում է խուսափել հարկերից, ապա հարկատուին ձեռնտու է իր հարկային պարտավորություններից խուսափելը:
Ստվերային տնտեսության աճին նպաստող ամենաէական գործոններն են հարկերի և սոցիալական ապահովագրության վճարումների բեռի աճը, պաշտոնական տնտեսության, մասնավորապես՝ աշխատուժի շուկայի կարգավորման խստացումը, շաբաթական աշխատանքային ժամերի պարտադիր կրճատումը, թոշակին անցնելու ժամկետի կրճատումը, գործազրկությունը, պետական հաստատությունների հանդեպ վստահության նվազումը:
Քանի որ հարկերն ազդում են աշխատանք-հանգիստ ընտրության վրա, ինչպես նաև խթանում են աշխատանքի առաջարկը ստվերային տնտեսությունում, ուստի կարևոր է այն միջոցառումների իրականացումը, որոնք կխթանեն աշխատանքի ընտրությունը և կնպաստեն ստվերային տնտեսությունում աշխատանքի առաջարկի կրճատմանը:
Պետության կողմից հարկային դրույքաչափերի բարձրացումը ինքնըստինքյան խթանում է հարկային պարտավորություններից խուսափումը: Եթե հարկերը բարձր են, նվազում է նաև քաղաքացու բարեխղճությունը, այսինքն` տնտեսավարող այն սուբյեկտները, որոնք ցածր հարկերի պայմաններում պարտաճանաչ մուծում էին հարկերը, հարկային բեռի մեծացման դեպքում գերադասում են հարկերից խուսափելու միջոցով, թեկուզ մասամբ, թեթևացնել հարկային պարտավորությունների իրենց բեռը:
Հարկային բեռի բարձրացումը կարող է պայմանավորված լինել մի քանի գործոններով, մասնավորապես`հարկային դրույքաչափերի բարձրացմամբ: ՀՀ-ում շահութահարկի համար՝ 20%, եկամտային հարկի համար՝ տատանվում է 10-36%-ի սահմաններում:
Բացի այդ, հարկերի ազդեցությունը կախված է նաև հարկային դրույքաչափերի նկատմամբ տնտեսության զգայունությունից: Այսպես, օրինակ, դժվար է միանշանակ պնդել, որ եկամտահարկի դրույքաչափի նվազեցման արդյունքում մարդիկ կսկսեն ավելի շատ աշխատել, այլ ոչ թե կնախընտրեն հանգստանալ, քանի որ այդ դեպքում ավելի քիչ աշխատելով կարելի է ստանալ նույն տնօրինվող եկամուտը:
Ստվերային հատվածի գործունեությանը նպաստում է ոչ միայն հարկային դրույքաչափերի բարձր մակարդակին, այլև երկրում առկա ընդհանուր հարկային անկարգապահության մթնոլորտին: Արդյունավետ հարկային վարչարարության և հարկային վճարումներից խուսափելու դեպքում, բարձր տույժերի պայմաններում, բարձր սահմանային հարկային դրույքաչափերը կարող են չնպաստել ստվերային գործունեության ծավալների մեծացմանը, այսինքն` կարելի է ենթադրել, որ ոչ բավարար հարկային վարչարարությունը և պետական ծախսերի անարդյունավետ կառավարումը կարող են տնտեսության ստվերայնացման խթան հանդիսանալ:
Շատ հաճախ տնտեսվարող սուբյեկտները իրենց հարկային պարտավորությունները չկատարելու համար խուսափում են իրենց աշխատողների մի մասին գրանցել կամ գործում են ընդհատակյա` առանց հարկային մարմիններում հաշվառվելու: Իհարկե, նման պարագայում հարկային օրենսդրությամբ նախատեսվում են վարչական պատժամիջոցներ, սակայն սա հարցի միայն մի կողմն է: Մեկ այլ ստվերայնության օրինակ է շրջանառության ծավալները թաքցնելը: Դրանք պայմանավորված են մի շարք գործոններով, որոնցից հիմնականը մեր երկրում հարկային վարչարարությունն է:
Հայաստանի Հանրապետությունն անկախություն ձեռք բերելուց հետո իր ինքնուրույն հարկային քաղաքականություն սկսել է իրականացնել1992թ. սկսած: Նորանկախ Հայաստանի հարկային քաղաքականությունը սկզբնական շրջանում նմանակում էր Ռուսաստանի Դաշնության հարկային քաղաքականությանը: Բնական է, որ անկախությունից հետո ՀՀ հարկային քաղաքականությունը պետք է ուղղված լիներ բյուջեի միջոցների համալրմանն ու մասնավոր հատվածի ձևավորմանը, սակայն բյուջեի միջոցների համալրմանն ուղղված այդ քաղաքականությունը հաշվի չէր առել բարձր հարկային բեռի ոչ դրական ազդեցությունը տնտեսվարող սուբյեկտների գործունեության վրա:
Հարկային համակարգում իրականացվող բարեփոխումները միշտ էլ քննարկման առարկա են դառնում փորձագետների, քաղաքական գործիչների, տնտեսվարող սուբյեկտների և սպառողների շրջանում: Բնական է, որ սպառողների և տնտեսվարողների շրջանում հարկերի դրույքաչափերի իջեցումը ողջունելի է: Դա թույլ կտա նրանց ավելի մեծ ֆինանսական միջոցներ ներդնել բիզնես գործընթացներում: Սակայն հարկերի դրույքաչափերի իջեցումը ոչ միշտ կարող է դրական ազդեցություն ունենալ տնտեսվարող սուբյեկտների վրա: Բանն այն է,որ յուրաքանչյուր պետության բյուջեի եկամուտների զգալի մասը կազմում են հարկերից ստացված եկամուտները, և պետությունը, բացի տնտեսական բարենպաստ հարկային քաղաքականություն վարելուց, պետք է լուծի նաև մի շարք մակրոտնտեսական և սոցիալական խնդիրներ, որոնց իրագործման համար բավարար միջոցներ են անհրաժեշտ, և, միշտ չէ, որ պետությունը այդ միջոցները կարող է ունենալ հարկային մեղմ քաղաքականություն վարելու արդյունքում:
Հարկերի դրույքաչափերը բարձրացնելով`պետությունը կարողանում է բյուջեն ապահովել անհրաժեշտ եկամուտներով: Սակայն բարձր դրույքաչափերը կարող են հանգեցնել նաև նրան, որ տնտեսվարող սուբյեկտները սկսեն թաքցնել իրենց եկամուտների մի մասը` գործելով ստվերում, իսկ ստվերի առկայությունը չի կարող նպաստել երկրի տնտեսության զարգացմանը: Հարկային համակարգը պետք է ճկուն լինի և համապատասխանի երկրի տնտեսական իրավիճակին:
Չի կարելի ասել, որ բյուջեի եկամուտների ավելացումը կնպաստի ավելի լավ տնտեսություն և աղքատության ցածր մակարդակ ունենալուն: Դրա հետ մեկտեղ պետք է իրականացնել նաև բյուջեի ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարում: Գուցե, նման հարկային վարչարարության և ֆինանսական քաղաքականության շնորհիվ կկարողանանք մի քանի տարի անց կրճատել մեր արտաքին պարտքը, կնպաստենք բիզնեսի զարգացմանը, կկրճատենք բյուջեի պակասորդը, կապահովենք բնակչության համեմատաբար բարձր կենսակամակարդակ:
Քանի որ պաշտոնական հատվածում գործող հարկ վճարողի համեմատական առավելությունը ստվերային հատվածում աշխատողի նկատմամբ ավելի շատ արտահայտվում է արդյունավետ ներդրումներ իրականացնելու միջոցով, ապա կարևորվում է նաև բարեխիղճ հարկատուի համար ֆինանսական միջոցների հասանելիության խթանումը:2017թ-ի տվյալներով ՀՀ-ում  խոշոր հարկատուների եռյակը գլխավորում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, «Գրանդ Տոբակո» հայ-կանադական ՀՁ-ն, «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն:

  1. Խաչատրյան Մ., Մամիկոնյան Ա. ՙՀարկայինհամակարգի ազդեցությունը ստվերային տնտեսության վրա՚, Երևան, 2004:
  2. Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ 2012:
  3. Տեղեկագիր: Փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլոտը Հայաստանում, Երևան,
  4. Голованов Н. М., Перекислов В. Е., Фадеев В. А. Теневая экономика и легализация преступных доходов. СПб., 2003.
  5. Исправников В. О., Куликов В. В. Теневая экономика в России: иной путь и третья сила. М., 1997.
  6. К. Матвеева: Макроэкономика, 2009.
  7. Клямкин И., Тимофеев Л. Теневая Россия: Экономи¬ко-социологическое исследование.
  8. Л.А. Кормишкина, О.М. Лизина: Теневая экономика, учебное пособие для ВУЗ-ов, Саранск,2009.
  9. Латов Ю.В.: Экономика вне закона, 2006. М., 2000.
  10. ПоповЮ. Н., ТарасовМ. Е.Теневаяэкономикавсистемерыночногохозяйства: учебник., М., 2005.
  11. Рандыгин Б.Л., Махмудова М.М.: Переходная экономика, Учебное пособие 2003.
  12. Cassel D., Cichy U. The Shadow Economy and Economic Policy in East and West: A Comparative System Approach // The Unofficial Economy. 2000.
  13. Doing business report 2012: Economy profile Armenia.

Հեղինակ՝ Անահիտ Զուրաբյան (Anahit Zurabyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Մեկնաբանել

Մեկնաբանությունն այստեղ
Մուտքագրեք Ձեր անունը