Սեպտեմբերի 15-ին, 16-ին, 23-ին և 24-ին «Հոդված 3» ակումբում ԵՎՀԿ-ն կազմակերպել էր «Սերունդների բանախոսություն ՀՀ արտաքին քաղաքականության շուրջ» խորագրով քննարկումների շարք, որը նվիրված էր անկախության 26-ամյակին։
#LiveTalks նախագծի շրջանակում իրականացվող այս ծրագիրը նպատակ ուներ երիտասարդության շրջանում բարձրացնել տեղեկացվածության և հետաքրքրության մակարդակը հանրապետության արտաքին քաղաքականության նկատմամբ, կենդանի զրույցների միջոցով ապահովել տեսակետների փոխանակում երիտասարդ և ավագ սերունդների միջև։
Ծրագրին բանախոսություններով հանդես եկան ինչպես ԵՎՀԿ վերլուծաբաններ, այնպես էլ Հայաստանում ճանաչված այլ մասնագետներ, դեսպաններ, վերլուծաբաններ և փորձագետներ, որոնց թվում`Արման Նավասարդյանը, Արտյոմ Տոնոյանը, Գոռ Մադոյանը, Արեգ Քոչինյանը, Արա Պապյանը, Ստյոպա Սաֆարյանը, Մառլենե Ռենեն, Արմենակ Մինասյանցը, Ստեփան Գրիգորյանը, Կարեն Վերանյանը, Նարեկ Մուրադյանը և այլք։
Բանախոսություններին հաջորդեցին քննարկումները՝ հարց ու պատասխանի ձևով։ Մասնակիցները, կիսվելով ծրագրի մասին իրենց տպավորություններով, կարևորում էին այն հանգամանքը, որ իրենց հնարավորություն էր ընձեռվել առաջին ձեռքից ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։ Մասնավորապես, մասնակիցներից Արթուր Ադամյանը, նշեց, որ ԵՎՀԿ-ն լավ առիթ էր ստեղծել երիտասարդների համար, որպեսզի նրանք կարողանան ծանոթանալ ոլորտում լուրջ ազդեցություն ունեցող մասնագետների ու վերլուծաբանների՝ ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ տեսակետներին։ ԵՎՀԿ-ի կողմից տրված հավաստագիրը, ըստ Ա. Ադամյանի, պարտավորեցնող էր։
Ծրագիրն ինչպես միշտ կրում էր անվճար բնույթ։ Այն հնարավորություն ընձեռեց երիտասարդներին ծանոթանալու փորձառու բանախոսների մասնագիտական դիրքորոշումներին, բարձրացնելու իրենց հուզող հարցերը և ստանալու դրանց պատասխանները, ուսումնասիրելու 26-ամյա անկախության շրջանում ՀՀ արտաքին քաղաքականության կրած փոփոխությունները։
Քառօրյա ծրագրի բոլոր բանախոսություններին ներկա գտնվող մասնակիցները ստացան հավաստագրեր։
Ծրագիրը լուսաբանվեց մի շարք լրատվամիջոցների կողմից:

Մեկնաբանել

Մեկնաբանությունն այստեղ
Մուտքագրեք Ձեր անունը