Պատժամիջոցները արտաքին քաղաքականության կարևոր գործիք են՝ ռազմական գործողությունների այլընտրանք: Հակառակորդին ճնշելով տնտեսական, սոցիալական կամ քաղաքական ասպեկտներում՝ հնարավորություն է ստեղծվում առանց ռազմական ուժի գործադրման լուծելու հակամարտությունը:  Թերևս սա է պատճառներից մեկը, թե ինչու են տնտեսական պատժամիջոցները այդքան մեծ «ժողովրդականություն» վայելում։ Սակայն որքանո՞վ են արդյունավետ պատժամիջոցները և արդյո՞ք նրանք լուծում են իրենց առջև դրված քաղաքական խնդիրները:

Ի՞նչ է  տնտեսական պատժամիջոցը

Տնտեսական պատժամիջոցները դարձել են Արևմտյան երկրների կողմից աշխարհաքաղաքական մարտահրավերներին արձագանքելու համար որոշիչ գործիք: 2018 թ․ հունվարի 4-ի դրությամբ աշխարհի շուրջ 45 երկրների վրա գործադրվում են տարատեսակ պատժամիջոցներ ԵՄ-ի, ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի կողմից[i]։ Իսկ վերջին շրջանում քննարկվում էին նաև նոր պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը   Թուրքիայի, Լեհաստանի, ինչպես նաև  Հունգարիայի դեմ: Սակայն, ըստ Կոնեկտիկուտի պետական համալսարանի ուսումնասիրության,  ԱՄՆ-ում  1915 թ-ից մինչև 2006 թ. ընկած ժամանակահատվածում կիրառված տնտեսական պատժամիջոցների արդյունավետության վերաբերյալ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գործադրված պատժամիջոցները առավելագույնս 30% -ով են հաջողության հասնում[ii]: Եվ, արդյունքում, պատժամիջոցների կիրառման հաճախականությունը գերազանցում է վերջիններիս արդյունավետությանը։ Տնտեսական պատժամիջոցների հաջողությունը փոխկապակցված է  պատժամիջոցների օբյեկտ համարվող երկրի կողմից պահանջների  իրականացման աստիճանին։ Համապատասխանաբար, տնտեսական պատժամիջոցների կիրառումը համարվում է արդյունավետ կամ հաջողակ, եթե թիրախ պետությունը փոխել է իր քաղաքականությունը հակամարտության առարկայի նկատմամբ։ Հակառակ դեպքում պատժամիջոցների քաղաքականությունը համարվում է ձախողած, այսինքն՝ չի ապահովում նախաձեռնող երկրի կամ կազմակերպության ցանկալի արդյունքը, քանի որ չի ստիպել հակառակորդ երկրին փոխել իր նախնական դիրքորոշումը:

Խոսելով պատժամիջոցների մասին՝ անհրաժեշտ է նախ և առաջ հասկանալ, թե ինչ նախապայմանների ապահովման կամ խախտման դեպքում է պետությունը հայտնվում միջազգային առճակատման եզրին և տեղ գտնում «չարի առանցքում», իսկ այնուհետև դառնում պատժամիջոցների թիրախ, և որ սուբյեկտներն են իրավասու գործադրել պատժամիջոցներ ընդդեմ մյուսների։

Կառավարությունները և միջազգային սուբյեկտները տնտեսական պատժամիջոցներ են սահմանում՝ փորձելով փոխել որևէ պետության կամ ոչ պետական դերակատարների այն ռազմավարական որոշումները, որոնք սպառնում են իրենց շահերին կամ խախտում են վարքագծի միջազգային նորմերը։ Ընդ որում՝ տնտեսական պատժամիջոցները առևտրային և ֆինանսական տույժեր են, որոնք կիրառվում են մեկ կամ մի քանի երկրների կողմից և ուղղված են որևէ երկրի, խմբի կամ անհատի դեմ: Տնտեսական պատժամիջոցները կարող են ներառել առևտրային էմբարգոների տարբեր ձևեր կամ ֆինանսական գործարքների սահմանափակումներ: Հանուն միջազգային խաղաղության ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է վկայակոչել ՄԱԿ-ի կանոնադրության 41-րդ հոդվածը[iii] և ընդունել պատժամիջոցների կիրառման որոշում՝ կոչ անելով անդամ պետություններին գործադրել դրանք ընդդեմ այն պետության, անձանց կամ խմբավորումների, որոնք մեղադրվում են միջազգային հանցագործության, մարդու իրավունքների խախատման, միջազգային ահաբեկչության և դրա ֆինանսավորման մեջ։ Մեր օրերում ՄԱԿ-ի՝ ամենից շատ կիրառվող պատժամիջոցները կարելի է պայմանականորեն բաժանել հետևյալ խմբերի՝ կոմերցիոն կամ առևտրային, ֆինանսական, դիվանագիտական, սպորտային և մշակութային, իրավական պատժամիջոցներ, ինչպես նաև միջազգային կազմակերոպություններում ներկայացուցչություն ունենալու իրավունքի կամ ձայնի իրավունքի զրկում[iv]։

Պատժամիջոցները կարող են կիրառվել ոչ միայն ՄԱԿ-ի, այլև միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների կողմից, օրինակ՝  ԻԿԱՕ-ի, ԱՄԿ-ի, մի խումբ պետությունների (ԵՄ),  առանձին կազմակերպությունների  կամ երկրների կողմից: Ընդ որում` պատժամիջոցների չափը և տեսակը կախված է հանցագործության ծանրությունից և հասցված վնասից: Դրանց գործադրման հիմքը մեծամասամբ կախված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումից: Գործնականում առաջին հերթին պատժամիջոցները ստեղծվում են Անվտանգության խորհրդի կողմից և այնուհետև ընդունվում ԵՄ-ի և այլև երկրների կողմից՝ Խորհրդի որոշումների և կանոնակարգերի տեսքով: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում ԵՄ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել առանց ՄԱԿ-ի որևէ նախնական գործողության, օրինակ՝ Սիրիայում ահաբեկչության ֆինանսավորումը կանխարգելու համար: Որոշ դեպքերում ԵՄ առանձին պետություններ, ինչպիսին է, օրինակ, Հոլանդիան, կարող են  պատժամիջոցներ կիրառել առանց ՄԱԿ-ի կամ ԵՄ-ի հետ նախնական համաձայնության: 2016թ-ին Հոլանդիայի Երկրորդ պալատը ընդունեց օրինագծերի մի ամբողջ փաթեթ, որը ուղղված էր ահաբեկչության մեջ մեղադրվող անհատներին և այն պետություններին, որոնք ֆինանսավորում են ջիհադիստներին,  «Ալ Քաիդա»  և  «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպություներին:

Տնտեսական պատժամիջոցներից մինչև  smart պատժամիջոցներ

Պատժամիջոցների կիրառում մեծամասամբ ունի փուլային կառուցվածք, և, կախված վնասի չափերից, տուժած մարդկանց քանակից և խմբերի շրջանակներից, պատժվող օբյեկտը կարող է ընգրկվել պատժամիջոցների պայմանական երեք կատեգորիաներից մեկում: Պատժվող պետության առանձին ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների դեմ ձեռնարկված միջոցները, սովորաբար, երկրորդ քայլն են պատժամիջոցների ցանկում, դիվանագիտական պատժամիջոցներից հետո: Սրանք հայտնի են նաև որպես «smart» (նպատակաուղղված) պատժամիջոցներ՝ նախատեսված իշխող վերնախավի կամ որոշակի հակաիրավական վարք ցուցաբերած ֆիզիկական անձանց համար։ Երրորդ փուլը ներառում է տնտեսական արգելքներ, որոնք իրենց հերթին ներառում են մասնակի կամ ամբողջական ներմուծման, արտահանման սահմանափակումներ,  ներդրումային արգելքներ, ինչպես նաև զենքի էմբարգոներ։ Սակայն պատժամիջոցների կիրառումը  պայմանավորված է զգալի ռիսկերով և ոտնահարում  է մարդու բնական իրավունքները՝ ազդելով առաջին հերթին հասարակության տնտեսապես և սոցիալապես ոչ կայուն խմբերի վրա[v]։

ԱՄՆ գիտնական Հարի Քլայդ Հուֆբաուերը և նրա գործընկերները 1914-2000թթ. ընթացքում ուսումնասիրել են մոտավորապես 200 պատժամիջոցների գործադրման  դեպքեր: Ըստ նրա եզրակացության՝ պատժամիջոցի ենթարկված երկրների մեկ երրորդը սովորաբար միայն մի քանի տարի հետո է «հանձնվում» [vi]։ Այդ ընթացքում պատժամիջոցների  հետևանքները երկրի տնտեսությունների վրա հսկայական են. օտարերկրյա ներդրումների և շուկայական հնարավորությունների պակասը հանգեցնում է արտադրողականության նվազմանը,  հարկային եկամուտների ցածր մակարդակի և գործազրկության բարձրացմանը: Հիմնական ենթադրությունների համաձայն՝ սա հենց այն կարևոր մեխանիզմն է, որը ստիպում է պետությունների ղեկավարներին վերանայել իրենց գործողությունները: Անշուշտ, պատժամիջոցների՝ բավարար չափով լուրջ և ազդեցիկ լինելու դեպքում երկրի ղեկավարների գործողությունները ճնշման են ենթարկվում, քանի որ ժողովրդի ապստամբության  վտանգը մեծանում է: Այնուամենայնիվ, Սադամ Հուսեյնի օրոք Իրաքի օրինակով պարզ է դարձել, որ դա ոչ միշտ է գործում. քանի դեռ երկրի համապատասխան ուժային խմբերը կանգնած են իշխանության գլխին, նրանք ինքնակամ չեն փոխի իրենց քաղաքականությունը և  գերակա են համարում ոչ թե բնակչության բարեկեցությունը, այլ սեփական իշխանության պահպանումը։ Ըստ ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության արված հետազոտության՝ Անվտանգության խորհրդի կողմից կիրառված տնտեսական պատժամիջոցների պատճառով Պարսից ծոցի պատերազմի ավարտից ի վեր Իրաքում շուրջ  576.000 երեխա է մահացել։ Իրանում տևական տնտեսական պատժամիջոցների հետևանքները լավագույնս արտացոլված են ԱՄՆ դոլարի ուժով: Եթե 2009 թ. հունվարին Թեհրանի փողոցներում 9,700 ռիալով հնարավոր էր մեկ դոլար գնել, ապա այսօր արդեն 1 դոլարը արժե մոտ 30000  ռիալ[vii]։

Տնտեսության քայքայիչ այս գործոնները  հանգեցրին պատժամիջոցների նոր ռազմավարության մշակման: Համապարփակ էմբարգոյի փոխարեն միջազգային հանրությունը ավելի շատ սկսեց կիրառել «խելացի պատժամիջոցներ», որտեղ պատիժները ուղղված են երկրի քաղաքական վերնախավին և նրանց մտերիմ շրջանակներին։ Սա առաջին հայացքից շատ համոզիչ և արդյունավետ է թվում, սակայն իրականում ապացուցում է հակառակը: Դեյվիդ Քորթրայթը և Ջորջ Լոպեսը գտնում են, որ այսպես կոչված «խելացի» պատժամիջոցները շատ ավելի քիչ կշիռ ունեն և հեշտությամբ շրջանցվում են, և, որպես  արդյունք, ավելի քիչ հաջողություն ունեն, մինչդեռ միջին հաշվով ընդհանուր տնտեսական պատժամիջոցներն ավելի արդյունավետ են[viii]:

Ինչու՞ են պատժամիջոցները ձախողվում

Պատժամիջոցների արդյունավետությունը վաղուց է կասկածի տակ առնված։ Ըստ քանակական ուսումնասիրության՝ 1971 թվականից  մինչ 2000թ-ը  կիրառված 888 պատժամիջոցներից միայն 45%-ն է արդյունավետ եղել, իսկ հաճախ նաև հակառակ էֆեկտն է ունեցել: Ըստ փորձագետների՝ դա պատահականություն չէ, և  ձախողման համար պատասխանատու են մի շարք գործոններ․

1Արտաքին ճնշման նկատմամբ թշնամական վերաբերմունք․ արտաքին ճնշումը կարող է նպաստել երկրի ներսում իրավախախտ ղեկավարների իշխանության  լեգիտիմացմանը: Յու․ Գրաուֆոգելը և Ք․ Սոեսթը ուսումնասիրություն են կատարել՝ օգտագործելով Զիմբաբվեի օրինակը, որտեղ 2002-2014 թթ. ընթացքում մարդու իրավունքների խախտումների և խորհրդարանական ընտրությունների իրավախախտումների պատճառով միջազգային հանրությունը Զիմբաբվեի քաղաքական վերնախավի դեմ կիրառում էր  ֆինանսական և վիզային smart պատժամիջոցներ: Այնուհետև դադարեցվել էր նաև զենքի վաճառքը, միջազգային համագործակցությունը և սահմանափակվել էր մարդասիրական օգնության տրամադրումը: Ըստ փորձագետների՝ այս բոլոր պատժիչ միջոցառումները շատ  աննշան ազդեցություն ունեցան երկրի արդեն իսկ անմխիթար վիճակում գտնվող տնտեսության վրա: Նախագահ Ռոբերտ Մուգաբինը տնտեսական անկման պատճառները կապեց միջազգային միջամտության և «անօրինական» պատժամիջոցների հետ: Աֆրոբարոմետրի հարցումները տարբեր տարիներին ցույց տվեցին, որ այս մեղադրանքների քաղաքականությունը բավականին համոզիչ է հասարակ բնակչության շրջանում: 2010 թ․ Զիմբաբվեում հարցման մասնակիցների 63 տոկոսը երկրի տնտեսական անմխիթար իրավիճակը միաձայն կապում էր միջազգային  պատժամիջոցների հետ[ix]։

2Ընդդիմության պասիվություն պատժամիջոցների հաջողության համար կարևոր հանգամանք են նաև իշխանության և ընդդիմության փոխհարաբերությունները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ակտիվությունը: Հաջողված պատժամիջոցների դեպքում  պետք է ամրապնդվեն այն սոցիալական խմբերը, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում քաղաքական ուղղության փոփոխության հանդեպ և  կարող են իրական ճնշում գործադրել իշխող խմբավորման վրա: Իրաքում Հուսեյնի վարչակազմի շրջանում ենթադրվում էր, որ հասարակության միջին դասի դժգոհությունը կավելանա տնտեսական և առևտրային  արգելքների շնորհիվ, և վերջինս կճնշի կառավարությանը: Սակայն ներմուծման և արտահանման խափանման հետևանքով երկրի միջին խավը կորցրել էր իր եկամտի աղբյուրները և կախված էր պետության հատկացրած սոցիալական նպաստներից։ Մյուս կողմից՝ տնտեսական շրջափակման ընթացքում իրականացվող մաքսանենգությունը ստեղծեց հարուստ, Հուսեյնին փոխկապակցված էլիտա և միջազգային պատժամիջոցների դեմ համատեղ պայքարող ընդդիմություն:

3․Պատժամիջոցներ կիրառողների անմիասնականություն ՄԱԿ-ի պատժամիջոցները հազվադեպ են արդյունքի հասնում, քանի որ անդամ պետությունների քաղաքականությունների հանդեպ վերահսկողությունը թույլ է։ Իսկ ԵՄ-ն և ԱՄՆ-ը հաճախ տարաձայնություններ ունեն պատժամիջոցների միասնական  քաղաքականության մշտական մեջ: Ավելին, որոշ պատժամիջոցներ հաճախ անտեսվում են առանձին կառավարությունների կամ բարձր եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց կողմից։ Իրականում պատժամիջոցները երկկողմ են. դրանք անդրադառնում են ոչ միայն պատժվող երկրի, այլև այդ պատժամիջոցները կիրառողների վրա, այդ պատճառով յուրաքանչյուր երկիր նախ և առաջ մտածում է իր տնտեսական շահի մասին։  2008թ․ օգոստոսին վրաց–ռուսական հակամարտությունից հետո Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը լուրջ բանավեճերի առիթ դարձավ։ Որոշ պետություններ Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ  պահանջում էին պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի նկատմամբ: Սակայն Գերմանիան և Ֆրանսիան կարևորեցին թե՛ ՌԴ-ի հետ գործընկերության պահպանումը, թե՛ հակամարտության սառեցումը։ Գերմանիայի դաշնային կանցլեր Ա․ Մերկելն անգամ հայտարարեց, որ «Հյուսիսային հոսք» գազատարի կառուցումը այդ հակամարտությունից  չի տուժի, քանի որ այդ գազատարը կարևոր նշանակություն ունի ԵՄ էներգետիկ անվտանգության համար[x]: ՌԴ-ի հետ գործընկերության պահապանման օգտին հանդես եկավ նաև Իտալիայի վարչապետ Ս․ Բեռլուսկոնին։ Արդյունքում ԵՄ-ն չկիրառեց որևէ պատժամիջոց։ Իսկ 2014-ին Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցները ունեցան բումերանգի էֆֆեկտ ԵՄ-ի և ԱՄՆ տնտեսությունների տարբեր ոլորտների վրա[xi]։ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ևս նշել է, որ տնտեսական պատժամիջոցները վնաս են հասցրել ռուսական տնտեսությանը՝ տանելով տասնյակ միլիարդավոր դոլարներ[xii]։ Իր հերթին 2015 թ-ի դրությամբ Եվրամիության կորուստները գնահատվել են 100 մլրդ եվրո[xiii], միայն  Իտալիան կորցրել է շուրջ 1,25 մլրդ եվրո[xiv], իսկ  Գերմանիայի գործարար հատվածը, ավելի քան 30,000 աշխատատեղերով կապված լինելով Ռուսաստանի հետ, առևտրից ևս արձանագրել է կորուստ պատժամիջոցների պատճառով [xv]:

2017 թ. ՄԱԿ-ի փորձագետ Իդրիս Ջազաիրիի զեկույցի համաձայն Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների արդյունքում ԵՄ երկրները կորցրել են ամսական 3,2 միլիարդ դոլար: Փորձագետը նաև նշել է, որ պատժամիջոցները «նախատեսված են՝ծառայելու որպես կանխարգելիչ միջոց ընդդեմ Ռուսաստանի քաղաքականության, բայց արդյուքում դարձել են  վտանգ միջազգային բիզնեսի համար»։

4․Պատժամիջոցների սիմվոլիկ բնույթը․ հանրային ընտրության տեսության ներկայացուցիչները ենթադրում են, որ պատժամիջոցների կիրառումը ունի ներքին քաղաքական դրդապատճառներ և կարող է լուրջ ներքաղաքական ազդեցություն ունենալ պատժամիջոց կիրառող պետության վրա: Չնայած պատժամիջոցների ենթարկված երկրներում փոփոխությունների  իրականացման հնարավորությունը փոքր է, սակայն «անգործությունը» միջազգային իրավախախտների նկատմամբ ևս բարոյապես դատապարտելի է։ Այս դեպքում պատժամիջոցները կիրառվում են միայն նրա համար, որ սեփական բնակչության առաջ պարզերես լինեն և սիմվոլիկ քաղաքականությամբ թաքցնեն իրենց անզորությունը ստեղծված իրավիճակում[xvi]: «Ես պատժում եմ, ուրեմն ես կամ», ” ընդգծում է  եվրոպացի պաշտոնյան Ջոնսի ուսումնասիրության մեջ:

Ամփոփում

Դժվար է հստակ գնահատել տնտեսական պատժամիջոցների արդյունավետությունը, քանի որ դրանց կիրառումը սովորաբար բարդ և բավականին ժամանակատար ազդեցությունների շղթա է։ Չնայած դրան՝ պատժամիջոցները շարունակում են մնալ հաճախ  կիրառվող  գործիք, քանի որ  քաղաքականապես ավելի հեշտ կիրառելի են, քան ռազմական միջամտությունները:

Մինչ այժմ կիրառված տնտեսական պատժամիջոցների փորձի ուսումնասիրությունից  կարելի է քաղել սանկցիաների կիրառման չորս «դաս»։ Առաջինը՝  պատժամիջոցներով սպառնալը, մանավանդ եթե դրանք հավանական են, կարող է արդյունավետ լինել՝ ստեղծելով բանակցությունների հնարավորություն: Երկրորդ՝ դրանց պահանջները պետք է ուղղված լինեն կոնկրետ քաղաքականության կոնկերտ  փոփոխությունների, և հստակ լինեն նաև դրանց վերացման նախապայմանները: Երրորդ՝ պատժամիջոցները, հավանաբար, ավելի մեծ ազդեցություն կունենան իրենց թիրախի վրա, եթե թիրախային կառավարությունը առճակատվի ներքին ընդդիմության հետ, հակառակ դեպքում պատժամիջոցները կարող են պարզապես նպաստել թիրախային խմբի ղեկավար մասի շուրջ ավելի մեծ քաղաքական միասնության ստեղծմանը: Չորրորդ՝ պատժամիջոցները պետք է լինեն խթաններ և պատիժներ համակցող լայն ռազմավարության միջոց։ Պատժամիջոցների կողմնակիցները պնդում են, որ նրանք դեռևս ունեն մեծ հեռանկարներ և կարող են ապագայում շատ ավելի արդյունավետ կիրառվել:


  1. Hohmann, Harald/ Puschke, Marcus: Basiswissen Sanktionslisten – Hintergrund und Praxis der Integration von Sanktionslisten in Ihre Geschäftsprozesse, Köln: Bundesanzeiger Verlag, 2008.

2.Jones, Lee: Societies Under Siege. Exploring how international economic Sanctions (Do Not) Work, Oxford 2015.

3.Peter Rudolf “Sanctions in der internationalen Poitik,“ SWP Studie, Beriln. Available online at https://www.swp-berlin.org/fileadmin/contents/products/studien/2006_S30_rdf_ks.pdf.

  1. Peter Wallensteen: “A Century of Economic Sanctions: A Field Revisited.” Uppsala Peace Research Paper No. 1. Department of Peace and Conflict Research, Uppsala University, Sweden. 2000. Available online at http://www.uu.se/digitalAssets/18/18601_UPRP_No_1.pdf.

5.Куркин Б.А. М. Международное право: МГИУ, 2008. — 192 с.


[i] http://www.bscn.nl/sanctions-consulting/sanctions-list-countries

[ii] https://www.bloomberg.com/news/articles/2017-12-20/eu-proposes-polish-sanctions-option-over-democratic-backsliding

[iii] Հոդված 41 ՄԱԿ-Ի Անվտանգության խորհուրդը կարող է որոշել, թե զինուժի գործածությունից զերծ ինչպիսի միջոցների է պետք դիմել իր որոշումներն իրականացնելու համար և պահանջել Միավորված ազգերի կազմակերպության անդամներից կիրառել այդ միջոցները: Դրանք կարող են ընդգրկել տնտեսական հարաբերությունների, երկաթուղային, ծովային, օդային, փոստային, հեռագրային, ռադիո և հաղորդակցության այլ ձևերի լիակատար կամ մասնակի ընդհատումը և դիվանագիտական հարաբերությունների խզումը

[iv] https://www.un.org/sc/suborg/en/

[v] https://www.schader-stiftung.de/themen/demokratie-und-engagement/fokus/menschenrechte/artikel/internationale-sanktionen-und-menschenrechte-eine-analyse-des-zusammenhangs/

[vi] Տես նույն տեղում

[vii] https://www.exchangerates.org.uk/USD-IRR-11_10_2009-exchange-rate-history.html

[viii] David Cortright and George A. Lopez, “Introduction: Assessing Smart Sanctions,” in Cortright and Lopez (eds.), էջ. 1-22.

[ix] http://afrobarometer.org/blogs/afrobarometer-findings-zimbabwe-few-points-consider

[x] https://www.welt.de/wirtschaft/energie/article150129711/Ostseepipeline-reisst-neue-Graeben-in-der-EU-auf.html

[xi] http://www.digitaljournal.com/news/politics/russian-sanctions-have-boomerang-affect-on-usa-space-program/article/383737

[xii] https://www.reuters.com/article/us-russia-medvedev-sanctions/rouble-fall-sanctions-hurt-russias-economy-medvedev-idUSKBN0JO0SR20141210

[xiii] http://www.newsweek.com/russiarussian-sanctionseueuropean-unioneuropean-economiessanctionseu-sanctions-603431

[xiv] https://www.bloomberg.com/news/articles/2015-06-18/russians-live-without-parmesan-as-italy-pays-sanctions-price

[xv] https://www.theguardian.com/world/2014/aug/12/germany-economy-eurozone-recovery-russia-sanctions

[xvi]  Jones, Lee: Societies Under Siege. Exploring how international economic Sanctions (Do Not) Work, Oxford 2015


Հեղինակ՝ Մարիամ Ջամալյան (Mariam Jamalyan)։ © Բոլոր իրավունքները պաշտպանված են։


Facebook Comments

Մեկնաբանել

Մեկնաբանությունն այստեղ
Մուտքագրեք Ձեր անունը