Պատմության ընթացքում Հայկական անկախ պետականությունների ամենաձախողված ղեկավարների տասնյակ

Այս ցուցակում մենք հաշվի ենք առնում ղեկավարմանը նախորդած վիճակը, անձնական ունակությունները, գործունեությունն ու  թողած ժառանգությունը։

10) Վարազդատ թագավոր

Հայաստանի թագավոր, Արշակունյաց արքայատոհմ, 374-378 թթ

Վարազդատ թագավորը, սպարապետ Մուշեղ Մամիկոնյանին համարելով Պապի դավադրական սպանության հանցակից և Մեծ Հայքը հռոմեական նահանգ դարձնելու կողմնակից, 376 թ. սպանել է տալիս նրան խնջույքի ժամանակ։ Սակայն Մուշեղի սպանությունից հետո Մամիկոնյանների հնարավոր պատասխանը կանխելու համար որևէ քայլեր չեն ձեռնարկվում, ինչը բերում է երկրում ամենահզոր նախարարական տներից մեկի հետ անխուսափելի բախման։ 377 թ. Վարազդատը ընդունում է Սասանյան Պարսկաստանի գերիշխանությունը, երկիրը կորցնում է իր անկախությունը։ 378 թ. պարտություն կրելով պարսկական կալանքից ազատված Մանվել Մամիկոնյանից` նա հարկադրաբար հեռանում է Հռոմ։

9) Գի Լուսինյան կամ Կոնստանդին Գ

Կիլիկյան Հայաստանի թագավոր, 1343-1345 թթ

Կոստանդինն ի սկզբանե դժկամությամբ էր ընդունում հայկական գահին բազմելու հեռանկարը՝ հույս ունենալով ամրանալ բյուզանդական արքունիքում՝ լինելով դրա Արևելյան զորավարը։ Սակայն Հովհաննես 5-րդի դեմ պայքարում ձախողվելով՝ նա ի վերջո համաձայնեց դառնալ Հայաստանի թագավոր։ Իր իշխանավարության շրջանում, սակայն, չկարողացավ վեր կանգնել հայկական գահի հանդեպ անտարբերությունից՝ խորացնելով արևմտամետ քաղաքականությունն ու վաստակելով «լատինամոլի» համբավ։ Նրա գահակալման շրջանում ավելի սրվեցին ներքին հակասությունները՝ թուլացնելով պետությունը ներսից։ Դրա հետ մեկտեղ Եգիպտոսի հետ հակասություններն ավելի խորացան։ Սրվեց շրջակա մահմեդական պետությունների ատելությունը հայկական թագավորության հանդեպ։ Ներքին ու արտաքին անորոշությունների ու հակասականության պայմաններում 1344 թ. հայկական իշխանական դասը կազմակերպեց թագավորի սպանությունը։

8) Կոստանդին Ե (V)

Կիլիկյան Հայաստանի թագավոր, 1362-1373 թթ

Կոստանդինը Կիլիկյան Հայաստանի ամենաանշուք թագավորներից մեկն էր, որը, ըստ պատմիչների տեղեկությունների, խնդիր էր դրել զուտ փրկել սեփական անձն ու հափշտակած ունեցվածքը, ինչի արդյունքում քանիցս իր գահն առաջարկել է Կիպրոսի թագավորին, նշյալ շրջանի ամենահայտնի քրիստոնյա միապետերից մեկին՝ Պետրոս առաջինին։ Վերջինիս 1369 թ․ մահը, սակայն, խառնեց Կոստանդինի ծրագրերը՝ նրան հակելով Եգիպտոսի մամլյուքների հետ հաշտություն գտնելու հույսին։ Տարիներով պայքարելով մամլյուքների դեմ և կրելով արևմտամետի համբավը՝ Կոստանդինն այժմ էլ հայկական գահն առաջարկում է Եգիպտոսի սուլթանին։ Հետաքրքիր է, որ եթե այլ ժամանակներում երկրի իշխաններն էին ուղիներ որոնում փոխելու թագավորին և, դիմելով օտար պետություններին, խնդրում էին իրենց համար նոր թագավոր ուղարկել կամ էլ ընդհանրապես վերացնել հայոց թագավորական իշխանությունը, այսժամ Կոստանդինն ինքն է հանդես գալիս նման քայլով։ Սա ցույց է տալիս թագավորի՝ հայոց թագավորական գահի հանդեպ արհամարհանքը, դրա հանդեպ ցուցաբերած անբարյացակամությունն ու նեղ-անձնական շահերին անկախ պետականությունը զոհաբերելու պատրաստակամությունը։

Դրան հակառակ՝ կիլիկյան իշխանները փորձում էին համապատասխան առաջնորդ գտնել, որը կկարողանար պահպանել ու վերականգնել հայոց թագավորական իշխանությունը։ Այդպիսի պայմաններում է 1373 թ․ սպանվում է Կոստանդին 5-րդը՝ որպես քաղաքական ժառանգություն թողնելով երկու հիմնական ուժային կենտրոնների հետ հարաբերությունների սրումը ու ներքին կենտրոնախույս ուժերի հզորացումը՝ նպաստելով թագավորության անկման տեմպի աննախընթաց արագացմանը։

7) Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ, 2008-2018 թթ

Սերժ Սարգսյանի նախագահության տարիները նշանավորվում են պետության տնտեսական ու քաղաքական կյանքի ակնհայտ ճահճացմամբ։ Նա իշխանության է հասել վիճահարույց նախագահական ընտրությունների արդյունքում։

Սարգսյանի իշխանավարության շրջանում աղքատության մակարդակը աճեց մոտ 2%-ով։ Անկում ապրեց ՀՆԱ-ի ցուցանիշը՝ 2008 թ․ 11,7 մլրդ դոլլարից 2017 թ․ հասնելով 11,6 մլրդ դոլլարի։ Նրա նախագահության խարանը, սակայն, կարելի է համարել բնակչության թվաքանակի նվազումը, երբ Հայաստանը ընդմիշտ լքեցին ավելի քան 350 հազար քաղաքացիներ։ Պետական պարտքը աճեց աննախադեպ պրոգրեսիայով՝ 2008 թ․ 1,9 միլիարդ դոլլարից 2017 թ. հասնելով 6,8 միլիարդ դոլլարի՝ երկիրը կանգնեցնելով դեֆոլթի վտանգի առաջ։ Այս անմխիթար ցուցանիշները, ի դեպ, արձանագրվեցին տարածաշրջանային համեմատաբար խաղաղ և համաշխարհային տնտեսական զարգացումների բարենպաստ պայմաններում, որոնք հայոց պատմության մեջ շատ հազվադեպ են հադիպել։ Դրա փոխարեն Հայաստանում ավելի ամրակայվեց տնտեսական բրգաձև կոռուպցիան՝ դառնալով պետական կյանքի առանցքային բաղադրիչը։ Ստվերային խոշոր տնտեսության շարունակական աճի պայմաններում ասպարեզից սկսեց դուրս մղվել միջին ու մանր բիզնեսը։

Ներքաղաքական հարաբերություններում առանձնակի բացասական նշանակություն ունեցավ ընտրական գործընթացի անդառնալի խեղաթյուրումը, երբ ընտրական կոռուպցիան դարձավ հանրայնորեն ընդունելի երևույթ։ Բազմաթիվ քաղաքական գործիչներ դատապարտվեցին քրեական շինծու մեղադրանքներով։ Նրա նախագահության շրջանում Հայաստանն ապրեց քաղբանտարկյալների բումի շրջափուլը։ Քաղաքական ընդդիմությունը դարձավ լուսանցքային՝ որոշումների կայացման վրա զրոյական դերակատարությամբ։ Քաղաքական համակարգը հայտնվեց Սարգսյանի լիակատար վերահսկողության ներքո՝ առժամանակ բացառելով իշխանության փոփոխությունն ընտրությունների միջոցով։

Սարգսյանի կառավարման շրջանում Հայաստանը շարունակեց մեկուսանալ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներից՝ հատկապես չօգտագործելով Իրանի հետ հարաբերությունները խորացնելու իրական ներուժը։ Շուրջ 3,5 տարի բանակցելուց հետո 2013 թ․ նա ոչ միայն չնախաստորագրեց Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիրը, այլև Կրեմլում մեկ երեկո անցկացնելուց հետո միանձնյա որոշեց, որ Հայաստանը պետք է միանա ՌԴ նախաձեռնությամբ ստեղծված ԵԱՏՄ-ին: Տապալումով ավարտվեց նրա նախաձեռնած «Ֆուտբոլային դիվանագիտություն»-ը, որի արդյունքում ոչ միայն չբացվեց հայ-թուրքական սահմանն ու չվերականգնվեցին դիվանագիտական հարաբերությունները, այլև Հայաստանը նախագահի մակարդակով համաձայնեց ստեղծել Ցեղասպանության հարցը քննող պատմաբանների հանձնաժողով։ 2018 թ․ մարտի 1-ին չեղարկվեցին կնքված հայ-թուրքական արձանագրությունները՝ կրկնակի բարդույթավորելով հայ-թուրքական հաշտության գործընթացն ու ավելի մշուշոտ դարձնելով դրա ապագան։

Սարգսյանի կառավարման շրջանում տեղի ունեցան ապրիլյան քառօրյա ռազմագործողությունները, որոնց արդյունքում հայկական կողմը ունեցավ տարածքային կորուստներ։ Հայկական երկու պետությունների համատեղ տարածքը 41743 քառ/կմ-ից նվազեց 41735 քառ/կմ-ի: Հարմար պահը չօգտագործվեց Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթաց վերադարձնելու համար։ Ավելին, առաջ քաշած սահմանային խախտումների հետաքննությունների մեխանիզմի ներդրման նախապայմանը կարճ ժամանակում մոռացության մատնվեց հայկական կողմի հստակ անհետևողականության արդյունքում։

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներն անհերքելիորեն թուլացրին երկիրը և այն ավելի խոցելի դարձրին հակառակորդների համար։ Հայաստանը գրեթե բոլոր ցուցանիշներով հետ մնաց իր հարևաններից ու մրցակիցներից։ Սարգսյանը անվիճելիորեն հայոց պատմության մեջ ամենաձախողված ղեկավարներից մեկն է, որը չի զբաղեցրել ավելի բարձր հորիզոնական զուտ այն պատճառով, որ չի բերել երկիրը բառացի անկման։

6) Համո Օհանջանյան

Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ, 1920 թ մայիսի 5 ” նոյեմբերի 23

Համո Օհանջանյանը ՀՀ վարչապետ դարձավ 1920թ․ մայիսին բոլշևիկյան ապստամբության արդյունքում՝ ապստամբությունը ճնշելու նպատակով։ Կազմվեց բյուրո-կառավարություն, այսինքն՝ ՀՀ կառավարությունն ամբողջովին համալրվեց  ՀՅԴ բյուրոյի անդամներով ու, ըստ էության, սպասարկում էր կուսակցության շահերը։ Եթե ապստամբության պահին այդ քայլը ինչ-որ տեղ գուցե բացատրելի էր, ապա ապստամբության ճնշումից հետո բյուրո-կառավարության պահպանումը ցույց էր տալիս, որ կուսակցությունն այլևս իրեն ու ՀՀ կառավարությանը չէր զանազանում։ Իսկ Օհանջանյանը տիպիկ կուսակցական գործիչ էր, որի խնդիրն էր ծառայել կուսակցությանն ու պաշտպանել նրա շահերը՝ դրանք նույնացնելով ՀՀ պետական շահերին։

Դրա ակնհայտ դրսևորումներից էր Թուրքիայի հետ հարաբերություններում Օհանջանյանի ցուցաբերած անտարբերությունը։ Արհամարհանքով արձագանքելով հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու Քեմալի առաջարկին՝ Օհանջանյանը այդ հարաբերությունների կարգավորումը վերապահում էր Եվրոպական երկրներին։ Նա երրորդ ուժին ապավինելու ջատագովներից էր՝ չնկատելով, որ այդ երրորդ ուժը հայ-թուրքական հարաբերություններում առաջին հերթին սեփական շահերը պիտի բավարարեր՝ ի հաշիվ հայերի ու թուրքերի թշնամության։ Օհանջանյանի կառավարության նեղ ու կուսակցակենտրոն քաղաքականությունը արհամարհեց հավասարակշիռ արտաքին քաղաքականություն վարելու կանոնը՝ 1920 թ․ աշնանը հանգելով թուրք-հայկական պատերազմին։ Ընդհուպ մինչև վերջին պահը Օհանջանյանի կառավարությունը, կառչած իշխանությանը, չէր ցանկանում հրաժարական տալ՝ այդ քայլին գնալով չափազանց ուշ, երբ թուրքական բանակները մտան Ալեքսանդրապոլ (Գյումրի)։ Օհանջանյանն ի վիճակի չեղավ տարբերելու կուսակցական ու պետական շահերը՝ լինելով իսկ կուսակցական բյուրոյի հետաքրքրությունների բավարարողն ու բացառապես դրանց սպասարկուն։

5) Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի Հանրապետության նախագահ, 1998 – 2008 թթ

Ռոբերտ Քոչարյանը դարձավ քրեաօլիգարխիկ կարգերի համակարգայնացման ու բյուրեղացման կնքահայրը Հայաստանում: Նա իշխանության է հասել վիճահարույց ընտրությունների արդյունքում։

Քոչարյանի նախագահության տարիներին են առաջին անգամ բաժանվել  տնտեսական քվոտաները, սահմանվել օլիգոպոլիաներն ու մոնոպոլիաները, մշակվել բրգաձև համակարգի ներքին քրեական կանոնները և կատեգորիզացվել ընտրակեղծարարության տեխնոլոգիաները: Նրա անձնական պատասխանատվության ներքո է անցումային գործընթացների ու ժողովրդավարության կայացման հիմնարար ձախողումը։

Քոչարյանը «Գույք պարտքի դիմաց» գործարքի հեղինակն էր, որի արդյունքում Հայաստանը 100 միլիոն դոլլար պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնեց մի շարք ազգային-պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկություններ, որոնց շարքում՝ Մերգելյան ինստիտուտը, Հրազդանի ՊՇԷԿ-ը՝ առանց հինգերորդ էներգաբլոկի, Մարս գործարանը: Նրա հետևողական ջանքերով Հայաստանի էներգետիկ ինքնուրույնության գրեթե ողջ համալիրը հայտնվեց Ռուսաստանի ձեռքում՝ զրկելով Հայաստանը էներգետիկ անվտանգության և անկախության երաշխիքներից:

Քոչարյանի նախագահությունը սկզբնավորվեց Լեռնային Ղարաբաղը հակամարտության բանակցային գործընթացից դուրս մղելով՝ Հայաստանը դարձնելով միջազգային խաղացողների առաջ ավելի խոցելի, իսկ Ղարաբաղին զրկելով ինքնուրույն գործոն լինելուց։ Հայ-թուրքական հարաբերությունների փակուղու խորացմամբ նրա նախագահության շրջանում Հայաստանը լիովին դուրս մնաց տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներից։

Քոչարյանի նախագահության օրոք է տեղի ունեցել 1999 թ. հոկտեմբերի 27-ի աննախադեպ ոճրագործությունը, որի արդյունքում սպանվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ։ Մինչ օրս ահաբեկչության գլխավոր պատվիրատուն ու կազմակերպիչը հայտնի չէ, իսկ գործը, ըստ էության, բացահայտված չէ։ Ընդդիմադիրները Քոչարյանին մեղադրում էին գործի քննությունը ուղղորդելու, իսկ կազմակերպիչների մասով՝ վարույթը ապօրինաբար կարճելու համար։ Մինչդեռ հասարակական լայն շրջանակներում համոզմունք կա, որ իրական պատվիրատուն եղել է հենց Քոչարյանը՝ ռուսական հովանավորությամբ։ Նրա նախագահության շրջանը լի էր բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններով (ՀՀ ՊՆ փոխնախարար, ՆԳ և ԱԱՆ փոխնախարար, ՀՀ գլխավոր դատախազ և այլն)։ Նրա իշխանավարության արյունալի իրադարձությունների գագաթնակետը 2008 թ. մարտի 1-ն էր, երբ ոստիկանները, լույսը դեռ չբացված, հարձակվեցին կեղծված ընտրությունների դեմ բողոքող, Ազատության հրապարակի վրանային ավանում գիշերող  շուրջ 700-1000 ցուցարարների վրա՝ բռնությամբ ցրելով խաղաղ նստացույցը։ Մարտի 1-ին բանակը ներքաշվեց ներքաղաքական գործընթացների մեջ, իսկ օրվա երեկոյան իշխանության կիրառած հրազենի արդյունքում սպանվեց 10 քաղաքացի, հարյուրավորները վիրավորվեցին։ Երկրում հաստատվեց արտակարգ դրություն, արգելափակվեցին այլընտրանքային տեղեկատվության աղբյուրները, բանտերը լցվեցին քաղաքական բանտարկյալներով։

Քոչարյանի սահմանած «կազմակերպվող տնտեսության» ձևաչափը, որը ոչ այլ ինչ էր, քան նեո-սովետական տնտեսավարման փորձ, կրախի բերեց երկրի տնտեսությունը առաջին իսկ ցնցման դեպքում։ Նրա կառավարման տարիների հետ են կապվում շինարարական տնտեսական փուչիկի և արտաքին քաղաքական չեզոքության խախտման խնդիրները։ Նրա կառավարման շրջանում Հայաստանը շեղվեց արդիական ու ժողովրդավարական հասարակության կառուցման ճանապարհից։

4) Արտաշես 4-րդ

Հայոց թագավոր, Արշակունյաց արքայատոհմ, 422-428 թթ

Արտաշես 4-րդը, պատմիչների վկայությամբ, լինելով անփորձ ու զեխ կյանքի հակված անձ, հարուցել էր նախարարների դժգոհությունը։ Վերջիններս պարսից արքունիքից պահանջել են գահազրկել նրան։ Արտաշեսը թեև հերքել է իր դեմ հարուցած ամբաստանությունները, բայց գահազրկվել է, ինչը հանգեցրել է Հայաստանում թագավորության վերացմանը ու դրա փոխարեն երկրի մարզպանություն դառնալուն և Արշակունյաց արքունի գանձերի բռնագրավմանը։ Այս երիտասարդ ու անփորձ գահակալի սխալների ու անհեռատեսության պատճառով է Հայաստանը այդքան վաղ կորցրել իր պետական անկախության վերջին էլեմենտները, որոնք դեռ երկար պահպանվում էին հարևան Վրաստանում։

3) Արշակ 3-րդ

Հայաստանի թագավոր, Արշակունյաց արքայատոհմ, 378–390 թթ

Արշակ 3-րդի թագավորությունը մինչև 384 թ. եղել է միայն անվանական, երկիրը կառավարել է Մանվել Մամիկոնյանը։ Սակայն վերջինս մահանալուց առաջ հատուկ գրությամբ Հայաստանը և Արշակ թագավորին «հանձնել է» Հռոմի կայսրին (Հայաստանի բաժանման շուրջ բանակցությունները արդեն սկսվել էին Հռոմի և Պարսկաստանի միջև)։ 385 թ. Արշակը, չկարողանալով կազմակերպել երկրում դույզն ինչ լուրջ ըմբոստություն և չտիրապետելով դրա քաղաքական կյանքին, ստիպված հեռացել է հռոմեական Հայաստան։ 387 թվականից հետո, երբ Հայաստանը անդամահատվել է, հռոմեական մասում, կայսրությունից կատարելապես կախյալ, թագավորել է՝ միևնույն ժամանակ չխառնվելով կառավարչական հարցերին: Նրա մահից հետո կայսրությունը այլևս թագավոր չի կարգել։

2) Հեթում 2-րդ

Կիլիկյան Հայաստանի թագավոր, 1289–1296, 1299–1306 թթ

Հեթում 2-րդն իր ողջ գիտակցական կյանքում այդպես էլ չկարողացավ կողմնորոշվել «թագի և վանքի» միջև՝ քանիցս հրաժարվելով իշխանությունից հօգուտ իր եղբայրների և անընդհատ վերադարձնելով իշխանությունը նրանցից։ Հեթում 2-րդի իշխանավարության շրջանը սկզբնավորվեց Կիլիկյան Հայաստանի տարածքային զգալի կորուստներով՝ հանգեցնելով ներիշխանական լուրջ դժգոհությունների ու մասնատումների։ Պատկերացում կազմելու համար Հեթում 2-րդի հեղհեղուկ քաղաքականության մասին՝ բավական է ասել, որ նա 3 անգամ հրաժարվել է իշխանությունից իր եղբայր Թորոսի օգտին։ Թագավորի՝ վայրիվերումներով ընթացած քաղաքականությունն ու մշտական փոփոխական վարքագիծը հանգեցրին իր իսկ եղբայրների ըմբոստություններին ու գահի բռնազավթմանը՝ էականորեն թուլացնելով երկրի պետական կառավարման ապարատը։ Կարևոր է, սակայն, նկատի ունենալ, որ Հեթում 2-րդը չէր հրաժարվում արքայական գահից, այլ սոսկ ժամանակավորապես զիջում էր իշխանության իրավունքը, ինչը գուցե մամլյուքների հարձակումներից ավելի էր թուլացնում երկիրը։ Նա դարձավ դավանաբանական զիջումներով արևմուտքի հովանավորության արժանանալու սնանկ քաղաքականության հիմնադիրը՝ այն փաթաթելով Կիլիկյան թագավորության վզին, որը քաղցկեղի պես հյուծեց հայոց պետականությունը։ Նրա շնորհիվ խախտվեց երկրի հասարակական-քաղաքական միասնությունը, ու Կիլիկյան թագավորությունը անվերադարձ կորցրեց իր երբեմնի հզորությունը։ Քաղաքական անհեռատեսությունն էլ դարձավ Հեթումի և Լևոն Դ-ի գերեզմանափորը՝ սպանվելով դաշնակից մոնղոլների զորավարներից մեկի՝ Բիլարղուի թեթևամիտ ինքնագլխության արդյունքում։

1)Հովհաննես-Սմբատ

Հայոց թագավոր, Բագրատունյաց արքայատոհմ, 1020-1041 թթ

Հովհաննես-Սմբատը թուլակամ, անհեռատես ու անմարտունակ թագավոր էր, որն առհասարակ հմուտ չէր երկիր կառավարելու գործում: Վերջինս, չնայած այն փաստին, որ հորից՝ Գագիկ առաջինից ժառանգել էր բավական հզոր տերություն, իր քաղաքականության արդյունքում չկարողացավ պահպանել այն` հանգեցնելով Բագրատունյաց թագավորության անկմանը: Ներքին գահակալական կռիվները, ապստամբությունները, արտագաղթը, տնտեսական կյանքի սառեցումը, դավաճանությունները և անսթափ արտաքին քաղաքականությունը նրա կառավարման ողջ բովանդակությունն են, որոնք ընդամենը մի քանի տարում ծաղկուն թագավորությունը բերեցին անկման: Գահակալական կռիվներից հետո իշխանությունը իր ձեռքում ամրացնելուց հետո Վասիլ 2-րդ կայսեր պահանջով և կաթողիկոսի ճնշման ներքո Հովհաննես-Սմբատը ստորագրեց մի խայտառակ կտակ, որով իր տիրույթներն իր մահից հետո պետք է անցնեին Բյուզանդիային: Վերջինիս մահից հետո Բյուզանդիայի կայսր Կոստանդին Մոնոմախը պահանջում է կտակով նախատեսված ժառանգությունը, հարձակվում է Հայաստանի վրա և 1045 թ. գրավում այն՝ վերջ դնելով հայոց պետականությանը:

Հեղինակ՝ Արեգ Քոչինյան (Areg Kochinyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Facebook Comments

3 Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Մեկնաբանությունն այստեղ
Մուտքագրեք Ձեր անունը