Ավագ դպրոցը դեռևս կայացման փուլում

ՀՀ-ում կրթությունը ռազմավարական ոլորտներից մեկն է: Կրթության որակի շարունակական բարելավումը, միջազգային չափանիշների համապատասխանությունը, ինչպես նաև միջազգային կրթական համակարգին ինտեգրումը պետական քաղաքականության մաս են կազմում: [ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենք, հոդված 5]

ՀՀ «Կրթության մասին» օրենքի պահանջներից ելնելով՝ ՀՀ-ում միջնակարգ ընդհանուր կրթությունը ներկայումս իրականացվում է եռաստիճան դպրոցում` ընդհանուր 12 տարի տևողությամբ: Տարրական դպրոցն ընդգրկում է 1-4-րդ, միջինը`5-9-րդ, և ավագը` 10-12-րդ դասարանները:[ «Կրթության մասին» ՀՀ օրենք, հոդված 18] Միջնակարգ հանրակրթական դպրոցի առաջին երկու աստիճանները կազմում են հիմնական դպրոցը, որը 2008 թ. մարտի 27-ի որոշմամբ պարտադիր է՝ ի տարբերություն ավագ դպրոցի, որը, թեև, անվճար էր, բայց ոչ պարտադիր: 2017թ. սեպտեմբերից 12-ամյա կրթությունը ևս հայտարարվեց պարտադիր, անգամ հայտարարվեց կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման համակարգի ներդրման մասին:[i]

Այսպիսով՝ 2008 թ. մարտի 27-ին «Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագրի»`ՀՀ Կառավարության կողմից հավանության արժանանալուց[ii] անցել է գրեթե 10 տարի: Վիճելի է այն հարցը, թե արդյոք կրթական նմանօրինակ բարեփոխման համար այս ժամանակահատվածը շատ է, թե քիչ: Սակայն անհերքելի է փաստը, որ ավագ դպրոցի վերաբերյալ կարծիքներն իրարամերժ են: Շատերը համարում են այն լիովին ձախողված, ոմանք`դեռևս կայացման փուլում: Ավագ դպրոցի միջազգային փորձի որդեգրումը մեր երկրում հանդիպեց բազմաթիվ խնդիրների, և  հայաստանյան ներկայիս ավագ դպրոցների բացթողումները զգալի են: Փորձենք հասկանալ, թե որն է ավագ դպրոցի առաքելությունը, պատրաստ էր արդյոք մեր երկիրը նման համակարգի ներդրման, ձախողել ենք արդյոք, թե դեռ կայացման փուլում ենք:

Ավագ դպրոցի առաքելությունը

2005թ. Բերգենի գագաթնաժողովից հետո Հայաստանը պաշտոնապես դարձավ Բոլոնիայի գործընթացի անդամ երկիր: Բոլոնիայի գործընթացի համատեքստում անցում կատարվեց 12-ամյա կրթության, որի առանցքային ուղղություններց մեկը եռամյա ավագ դպրոցի կայացումն է` ներառյալ ավագ դպրոցների կազմակերպման ձևերն ու սկզբունքները:  Ավագ դպրոցների ինստիտուցիոնալ բարեփոխումները հետապնդում են հետևյալ նպատակները.

  • բարձրացնել ավագ դպրոցում կրթության որակը,
  • սովորողների համար ստեղծել նախընտրելի հոսքային ուղղություն(ներ), այդ թվում՝ նախնական մասնագիտական կրթության ընտրության հնարավորություն: Արդ՝ ավագ դպրոցի կրթական ծրագիրը դարձնել ճկուն` հնարավորություն ստեղծելով արձագանքելու աշակերտների պահանջմունքներին ու նախասիրություններին,
  • կատարելագործել ավագ դպրոցների ինստիտուցիոնալ համակարգը` նպաստելով հանրակրթության արդյունավետության բարձրացմանը:[iii]

Հանդիսանալով կրթական ընդհանուր համակարգի բաղադրիչ մաս՝ ավագ դպրոցը կոչված է ապահովելու շրջանավարտի պատրաստվածությունը ինքնուրույն կյանքին` միաժամանակ հանդիսանալով միջանկյալ օղակ հիմնական և մասնագիտական կրթության միջև:

Ավագ դպրոցը որպես նախամասնագիտական կրթություն

Ավագ դպրոցը նախամասնագիտական կրթություն տրամադրող օղակ է, ինչը ենթադրում է, որ հիմնական դպրոցից հետո աշակերտը պետք է որոշակի մասնագիտական կողմնորոշում ունենա: Այս նպատակով ավագ դպրոցը նախատեսում է հոսքային ուսուցում: Վերջինս հնարավորություն է տալիս ավելի խորացված և ավելի շատ ժամաքանակով ուսումնասիրել նախընտրած առարկաները:  Սակայն անուշադրության է մատնվում այն հանգամանքը, որ տվյալ տարիքում ոչ բոլոր երեխաներն են կողմնորոշված մասնագիտության հարցում: Արդյունքում ընտրում են հոսքեր`  ելնելով, այսպես կոչված, «պրիստիժային» մասնագիտությունների հեռանկարից, կամ ուղղորդվում են ծնողի ցանկությամբ և կամ պատահականության սկզբունքով հայտնվում որևէ հոսքում: Ավագ դպրոցներում անհրաժեշտության դեպքում բացվում է նաև  ընդհանուր հոսք, սակայն սա խնդրի լուծում չէ: Մասնագիտական կողմնորոշումը դեռահասության շրջանում ենթադրում է հնարավորին տեղեկացվածություն բազում  ոլորտներից, ծանոթություն աշխատաշուկայի պահանջարկներին, ինչպես նաև սեփական կարողությունների ճիշտ գնահատում:

Ոչ միշտ է,  որ աշակերտը  կարողանում է սա անել միայնակ, և հաճախ չի բավարարում նաև ծնողի օգնությունը: Հետևաբար ավագ դպրոցը՝ մասնագիտական կողմնորոշումն ապահովելու իր առաքելության իրագործման համար ունի հատուկ մասնագետի կարիք:[iv] Ավագ դպրոցի համակարգը թույլ է տալիս աշակերտին տեղափոխվել այլ հոսք առաջին 1,5 տարվա ընթացքում, իսկ ուսումնառության երկրորդ տարվա մեջ միայն ենթահոսք փոխել: Բայց սա չի խանգարում, որ շատ աշակերտներ ուսումնառության ընթացքում փոխեն մի քանի հոսք ու  այդպես էլ չգտնեն իրենց հարմարը: Այսպիսով՝ նույնիսկ ավագ դպրոցի նման ճկունության դեպքում հատուկ մասնագետի ուղղորդման կարիքը զգացվում է:

Մասնագիտական կողմնորոշման համար ներկայիս ավագ դպրոցները կարող են և ավելի պարզ տարբերակներ կիրառել: Եթե աշակերտներն ունեն որոշակի հետաքրքրություններ որևէ մասնագիտության վերաբերյալ, ապա ստանում են հանձնարարություն խորապես ուսումնասիրել այն, դրա պահանջարկը, այդ մասնագիտության տեր առավել հաջողված մարդկանց մասնագիտական առաջընթացի պատմությունը և այլն: Հետաքրքիր մարտավարական ծրագրեր ունեն այսօր նաև բուհերը, որոնք ևս որոշ չափով ուղղորդում են աշակերտին: Տարածված է համալսարանների, առաձին ֆակուլտետների ներկայացուցիչների այցերը ավագ դպրոցներ, որոնց ընթացքում ծանոթացնում են բուհին, ֆակուլտետին, մասնագիտությանը:

Վերոնշյալ ծրագրերն անհրաժեշտ են նաև մասնագիտության հարցում արդեն կողմնորոշված երեխաների համար: Ավագ դպրոցի դերը չի կարելի նեղացնել ու սահմանափակել սոսկ ընդունելության քննություններին պատրաստելու գործառույթով (հարց է՝ դա որքանով է պատշաճ իրականացվում): Ավագ դպրոցի խնդիրն ավելի մեծ է ու բազմաբովանդակ:

Ավագ դպրոցը չի կատարում նաև ընդունելության քննություններին պատրաստելու իր առաքելությունը, որի ապացույցն է այսօր մեծ տարածում ունեցող կրկնուսույցի ինստիտուտը: Կասկածի տակ է դրվում հոսքային ուսուցման արդյունավետությունը: 2017 թ-ից կրթության և գիտության նախարարի որոշմամբ վերջին՝ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակին աշակերտները միայն ուսումնասիրելու են այն առարկաները, որոնցից քննություն են հանձնելու[v]: Հարց է առաջանում՝ ճիշտ է արդյոք ընդհանուր կրթական մակարդակն անընդհատ հարմարեցնել քննություններին: Մի՞թե դա կբարձրացնի կրթության մակարդակը: Ավագ դպրոցը կարող է 3 տարի անընդմեջ վարժեցնել քննության նյութը, բայց մի՞թե այդպիսով մենք կրթական խնդիր ենք լուծում:

Ընդունելության քննությանը պատրաստվելու համար աշակերտը գրեթե չի հաճախում ավագ դպրոց, հեռանում է նրանից, այնինչ դա պետք է ավելի սերտացներ նրանց կապը: Իրականում պետք է ոչ թե պայքարել կրկնուսույցի դեմ, այլ փորձել աշակերտին հետ բերել դպրոց: Քանի դեռ գոյություն ունի բուհի ընդունելության առանձին քննություն, որի համար հիմք է շտեմարանում զետեղված նյութը, կրկնուսույցի խնդիրը չի վերանա: Անհրաժեշտ է գտնել ընդունելության քննությունների կամ բուհ ընդունման այլընտրանք: Բոլոնիայի գործընթացի շրջանակներում «Կրթության զարգացման  ծրագիր 2030թ.»-ը նախատեսում է կրեդիտային համակարգի ներդնում ինչպես մասնագիտական, այնպես էլ ավագ դպրոցում և լրացուցիչ կրթության ոլորտում: [«Կրթության զարգացման  ծրագիր 2030թ.», հոդված 20, մաս 1-ին:] Սա կարող է մեծ փոփոխություններ մտցնել ոլորտում:

Ավագ դպրոցների ընտրման չափորոշիչները

Լևոն Մրտչյանի օրոք, երբ հավանության արժանացավ «Ավագ դպրոցի համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիրը», ներկայացվեցին ավագ դպրոցների ընտրման չափորոշիչներ: Դրանք  էին`

  • դպրոցի աշխարհագրական դիրք, հասանելիության աստիճան,
  • դպրոցական շենքի վիճակ, հարմարություններ,
  • դպրոցի ուսումնայնության հագեցվածություն,
  • կադրերի պատրաստվածություն։

Դպրոցի հասանելիության խնդիրը որոշ բնակավայրերում չհաջողվեց կազմակերպել: Բնակավայրերում, որտեղ գործում էր միակ միջնակարգ դպրոց, շարունակեց գործել նույն կարգով` իրականացնելով ավագ դպրոցի ընդհանուր հոսքի կրթական ծրագիր: Շենքային պայմանները ևս ոչ միշտ հաշվի առնվեցին: Գուցե այս խնդիրը ստորադասվի կրթության մակարդակի հետ կապված խնդիրներին, սակայն բավարար կրթություն ապահովելու համար կարևոր պայմաններից է: Ծրագրում շեշտվում էր նաև անհրաժեշտ նյութերով ու սարքավորումներով ավագ դպրոցներին ապահովելու հարցը, որը ևս բոլոր ավագ դպրոցներում չէ, որ պատշաճ կատարվել է: Թերևս ավագ դպրոցի արդյունավետության հիմնաքարը պետք է լիներ մանկավարժական որակյալ կադրերով ապահովվածությունը: Ենթադրվում էր, որ ավագ դպրոցում աշխատող մանկավարժները, հատկապես մասնագիտական առարկաներ դասավանդողները, պետք է բարձր որակավորում ունենային: Դպրոցի մանկավարժական կադրերի ապահովումը պետք է կատարվեր մրցութային կարգով: Սա իրենից ենթադրում էր մի ամբողջ կադրային համակարգի վերադասավորում, վերաբաշխում: Պետք է լուծարվեր ավագ դպրոցի ամբողջ կազմը և նորը կազմվեր:Սա լուրջ սոցիալական խնդիր էր ու մեծ մասամբ չիրականացվեց:  Ըստ նախագծի՝ պետք է ստեղծվեր 150 ավագ դպրոց, այնինչ նրանց թիվն այսօր 110 էլ չկա:

«Կրթության զարգացման ծրագիր 2030»-ի շրջանակներում նախատեսվում է հանրակրթական դպրոցների շենքային պայմանների բարեկարգում, հիմնանորոգումներ, անհրաժեշտ նյութերի ու սարքավորումների ապահովում, տրանսպորտային հարցի լուծում, մանկավարժական որակյալ կադրերի պատրաստում: [«Կրթության զարգացման  ծրագիր 2030թ.», հոդված 20, մաս 2-րդ; հոդված 24, մաս 6-րդ; հոդված 20, մաս 3-րդ]

Գրանտային ծրագրեր

Հայաստանում ավագ դպրոցի ունեցած դժվարությունների գլխավոր պատճառը միջոցների բացակայությունը կամ դրանց ոչ բավարար լինելն է: Դեռևս 1998-2002 թթ-ին իրականացվեց «Կրթության ֆինանսավորում ու կառավարում» բարեփոխումների ծրագիրը, որով խնդիր էր դրված ապահովել հանրակրթության համակարգի ֆինանսավորման և ուսուցչի աշխատավարձի աճը, միջոցների օգտագործման արդյունավետության աճը, միջոցների ժողովրդավարացումը, ինչպես նաև ներդպրոցական կառավարման բարելավումը: Այնուհետև  կրթական համակարգի բարեփոխումների համար Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին  քանիցս վարկ է տրամադրվել: 2004 թվականից արդեն 3 վարկային ծրագրով տրամադրվել է 88մլն դոլար գումար.[vi]

  1. 1. «Կրթության որակ և համապատասխանություն», 2003-2009թթ.` առաջին վարկային ծրագիր: Բաղկացած էր 4 ենթածրագրից, որոնք ուղղված էին հանրակրթության զարգացմանը: Այն կազմում էր 20մլն դոլար:
  2. «Կրթության որակ և համապատասխանություն», 2009-2014թթ.` երկրորդ վարկային ծրագիր: Նպատակն էր Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի զարգացումն ուղղել դեպի գիտելիքահեն տնտեսության պահանջները`ապահովելով հասարակության սոցիալ-տնտեսական պահանջներին համապատասխան հանրակրթության և բարձրագույն մասնագիտական կրթության որակի աճ: Վարկի չափը` 31.5 մլն. դոլար:
  3. «Կրթության բարելավում», 2014-2019թթ.՝ ծրագիրը, որն այսօր ընթացքի մեջ է: Նպատակը` հանրակրթության որակի բարելավում, որի մեջ մտնում է 17 ավագ դպրոցների վերանորոգում: Տրամադրվող վարկը կազմել է 36.5մլն. դոլար:[vii]

Արդյոք քիչ են այս միջոցները, թե շատ, ինչ եղանակով են ծախսվել՝ մեկ այլ վերլուծության նյութ է: Փաստն այն է, որ տվյալ միջոցների տրամադրման նպատակները իրագործվել են մասամբ, և որևէ հարցում էլ զգալի արդյունք նկատելի չէ:

Զուգահեռներ հանրակրթական և մասնավոր ավագ դպրոցների միջև

Հանրակրթական ավագ դպրոցների կողքին այսօր հանրապետությունում գործում են նաև մասնավոր ավագ դպրոցներ («Այբ» ավագ դպրոց, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր և այլն), որոնք գրանցել են մեծ հաջողություններ: Թերևս հանրակրթական դպրոցների առջև դնել նույն խնդիրները, որոնք լուծում են զգալի ֆինանսավորում և սովորողների կողմից վարձավճար ստացող մասնավոր ավագ դպրոցները, արդարացի չի լինի: Այնուամենայնիվ՝ որոշակի զուգահեռներ տանելը կօգնի հասկանալ, թե որոնք են մասնավոր դպրոցների հաջողության գրավականը, իսկ նրանց փորձը կարող է լավ աղբյուր լինել հանրակրթության արդյունավետության բարձրացման համար:

Մասնավոր ավագ դպրոցներն ունեն ընդունելության համար հատուկ քննություններ, հետևաբար պահանջում են գիտելիքների որոշակի մակարդակ, պատրաստվածություն: Դրան հակառակ՝ հանրակրթական ավագ դպրոց ընդունվելու համար բավարար է միայն 9-րդ դասարանի «Ավարտական վկայական»: Սա արդեն ենթադրում է մասնավոր դպրոցների կրթական բարձր մակարդակը, սովորողների գիտակցական զգալի մակարդակը: Կարճ ասած՝ այստեղ եկողը մեծ մասամբ հստակ գիտի՝ ինչ է ուզում: Աշակերտի կողմից տրվող վարձավճարը իր հերթին մեծացնում է պատասխանատվությունը: Մինչդեռ հանրակրթական ավագ դպրոցները պարտավոր են կրթություն տալ բոլորին, որի արդյունքում հասանելիության պատճառով այն սկսում է կորցնել իր արժեքը շատերի աչքում:

Հանրակրթական ավագ դպրոցները՝ որպես այդդպիսին, չունեն կրթական ծրագիր: Ըստ էության՝ 10-12-րդ դասարանների ուսումնական նյութը նախորդ տարիների կրկնությունն է: Սա անհետաքրքրություն է առաջացնում աշակերտի մոտ, որը հոգնել է նույն բանը սովորելուց: Իսկ մասնավոր դպրոցներն ունեն կրթական հատուկ մշակված ծրագիր: «Այբ» ավագ դպրոցը, իր առջև դնելով լավագույն կրթական համակարգերից լավագույն կրթական ծրագրերը վերցնելու և մեկ ամբողջական պատկերի մեջ համադրելու խնդիրը, հասել է հաջողության: Այստեղ նախագծերը կազմվում են ըստ Հովարդ Գարդների «Բազմակի տաղանդների տեսության»՝ հաշվի առնելով յուրաքանչյուր աշակերտի առանձնահատկությունները:[viii] Մասնավոր դպրոցներում աշակերտի օժտվածության ու առանձնահատկության վրա ավելի մեծ ուշադրություն է դարձվում, կազմվում է աշակերտի համար անհատական ուսումնական ծրագիր: Եթե հանրակրթական ավագ դպրոցն այսօր դարձել է մի նեղ խողովակ դեպի բուհ, որտեղ առարկաները տարեցտարի քչացվում են` ամփոփվելով ընդունելության քննության համար անհրաժեշտ առարկաների եռյակում, ապա մասնավոր դպրոցները, խորացված առարկաների կողքին ունենալով նաև այլ առարկաներ (արվեստի որևէ ճյուղ), չեն թերանում իրենց հիմնական առարկաների ուսումնառության մեջ: Ավագ դպրոցների ծրագրերի մասին խոսելիս անհրաժեշտ է անդրադառնալ «Արարատյան բակալավրիատ» ծրագրին: Այն միջազգայնորեն ճանաչված հայալեզու հանրակրթական ծրագիր է նախատեսված ՀՀ, Արցախի ու Սփյուռքի դպրոցների համար: Ծրագիրը կազմվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից, լրամշակվել  Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում (ԿԳԱԾ): ԱԲ-ի ներդրման առաջին դպրոցը եղավ հենց «Այբ»-ը 2015 թ-ին: 2016թ-ին ՀՀ Կառավարությունը հաստատեց ԱԲ-ն՝ որպես Հայաստանում պետական հանրակրթական ծրագիր:[ix] Միայն հայերենով դասավանդման ու քննման համար նախատսված այս ծրագիրը համարժեք է ճանաչվել GCE A Level-ին և  Advanced Placement-ին: Ներկայումս տրված է այս ծրագրին մասնակցելու մարզերի դպրոցների մեկնարկը: ԱԲ-ն գալիս է ստեղծելու հանրակրթության նոր որակ, ձևավորելու համակողմանի զարգացած, հոգեպես հարուստ անհատներ:

Մասնավոր դպրոցների շենքային  պայմանները տրամադրող են և աշակերտին հարմարավետությունից բացի տալիս են մոտիվացիա, ինքնավստահություն, հավատ սեփական ուժերի նկատմամբ: Մասնավոր դպրոցների կադրային  հատուկ ընտրված կազմը աչքի է ընկնում իր ուսուցչական  որակներով, ստեղծարարությամբ: Ի տարբերություն մասնավոր դպրոցների՝ հանրակրթական դպրոցներն ունեն արտադասարանային դասաժամերի, ուսումնական գործընթացի հետ առնչվող տարբեր վայրեր այցելությունների, նշանավոր մարդկանց հետ հանդիպումների, մոտիվացման ավելի քիչ հնարավորություններ: Մասնավոր դպրոցներն այսօր կարևոր գործոն են համարում կրթության` աշակերտների համար որպես բարձրագույն արժեքի գիտակցումը:

Մեր երկրում ավագ դպրոցը, չնայած որոշ հաջողություններին, մնում է թերի: Իրականում ավագ դպրոցը կրթական համակարգում հրաշալի գաղափար է, բայց Հայաստանում հայտնվել է փակուղում: Մեր երկիրը կրթական համակարգում հետևող երկիր է: Նայելով առաջատար երկրներին` վերցնում ենք նրանց մոտ հաջողություն գտած փորձը` հաշվի չառնելով մեր հնարավորություններն ու խնդիրները: Արդյունքում սկսած գործն այդպես էլ անավարտ է մնում: Անհրաժեշտ է ճիշտ կատարել ֆինանսական, սոցիալական հաշվարկները, հստակ հասկանալ` որքանով ենք պատրաստ նոր ծրագրին, ինչ ռիսկեր են առկա: Ըմբռնելու համար, թե որքանով է իրագործելի ծրագիրը, անհրաժեշտ է նախափորձնական փուլ:

Ավագ դպրոցի հիմնահարցը, լինելով կրթության ոլորտի բաղադրիչ տարր, ներկայումս էլ Կրթության և գիտության նախարարության համար առաջնայիններից է: «Կրթական ծրագիր 2030»-ով նախատեսվում են նոր բարեփոխումներ կրթական համակարգում, այդ թվում՝ ավագ դպրոցներում:

Հայաստանում ավագ դպրոցը դեռևս կայացման փուլում է: Այն, որպես նախամասնագիտական կրթություն ապահովող օղակ, պետք է հետևողական վերաբերմունքի արժանանա:



[i] https://www.e-draft.am/projects/473/justification

[ii]  Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ու փորձնական ծրագրերին հավանություն տալու Կառավարության որոշում՝ www.irtek.am

[iii] «Ավագ  դպրոցի համակարգի ստեղծման  ռազմավարական և փորձնական ծրագիր»- http://www.irtek.am/views/act.aspx?aid=43290

[iv] Խոսքը հոգեբան-մասնագետի մասին է, ով հատուկ մշակված ծրագրով կբացահայտի անձի ռեսուրսներն ու մասնագիտական տիպը` մատնանշելով այն ոլորտները, որտեղ կարող է լիարժեք կայանալ:

[v] http://www.panarmenian.net/arm/news/190388/

[vi] http://cfep.am/hy/

[vii] http://cfep.am/hy/

[viii] http://www.high.aybschool.am/index.php?page=teachingApproach

[ix]  «Կառավարության որոշում Արարատյան բակալավրիատի վերաբերյալ»-  https://www.e-gov.am/gov-decrees/item/28020/



Հեղինակ` Անահիտ Կարապետյան (Anahit Karapetyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Facebook Comments

Մեկնաբանել

Մեկնաբանությունն այստեղ
Մուտքագրեք Ձեր անունը